«Կան տիրադավեր, որոնք «տիրոջ» բացակայության ժամանակ փորձում են ինքնամաքրվել»․ Արմեն Հովասափյան
119
Երեկ, 01:06
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին երեք օրերին Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում տեղի ունեցած պատարագները բավական հետաքրքիր դաշտ են բացել՝ իշխանության կողմից իրականացվող հակաքրիստոնեական արշավի համատեքստում։ Տարբեր ծախու հոգևորականներ, որոնք Փաշինյանի կողմից դարձել են ձեռնասուններ, ամեն ինչ անում են իրենց իսկական «տիրոջը» հաճոյանալու համար և նրա կողմից իրականացվող կապրիզներին ու կրքերին հագուրդ տալու նպատակով գլխիկոր կերպով իրականացնում են հակաեկեղեցական օրգիաներ՝ գլխիվայր շրջելով ողջ առաքելական ուխտը, որին երդվել են ծառայել ցկյանս։ Հատկանշական է նաև այն, որ այդ ուխտադրուժները փաստացի փախչում են մարդկանց հետ առերեսվելուց, խուսափում են բոլոր տեսախցիկներից և վազեվազ ծպտվում իրենց կեցավայրերում ու «տիրոջ» թիկնազորի թիկունքում, քանի որ իրական ասելիք չունեն։ Ավելին՝ նրանք բոլորից լավ են գիտակցում իրենց հակաստվածային քայլերի խորությունը և, բնականաբար, գիտեն Աստծո դատաստանի մասին, որի առաջ վաղ թե ուշ պետք է կանգնեն։ Պետք է արձանագրել, որ այստեղ ևս ամեն ինչ միանշանակ չէ, քանի որ կան տիրադավեր, որոնք «տիրոջ» բացակայության ժամանակ փորձում են ինքնամաքրվել և թաքուն խոստովանում են, որ տեղի ունեցող այս վակխանալիան իրենց սրտով էլ չէ․ ուղղակի «իրենք ուրիշ ձև չունեն»։ Այն պատարագներին, որոնց Փաշինյանը ներկա չի լինում, բայց ներկա են լինում տեղական մակարդակի ՔՊ չինովնիկներ՝ մարզպետներ, համայնքապետեր և այլն, անկախ նրանից՝ պատարագիչը քահանա է, թե եպիսկոպոս, պատարագն իրականացվում է կանոնական ուխտին համապատասխան՝ առանց որևէ զեղչումների։ Ավելին՝ պատարագի քարոզի ընթացքում անգամ տիրադավներին ուղղված մեղադրական խոսքեր ու հանդիմանություններ են հնչեցվում, և բոլորը գլխիկոր լսում են՝ մտքերում, հավանաբար, աղոթելով և ներողություն խնդրելով։ Իսկ այն պատարագներին, որոնց Փաշինյանը ներկա է լինում, հատուկ դիկտատորական մամլիչով ստիպում է եկեղեցական կանոնից շեղվող ցնդաբանություններ պարտադրել, կիրառել և բոլորին պղծել։ Սա խոսում է այն մասին, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը ուխտերթեր անի ու հայտարարի, թե «եկեղեցին ու պետությունն այլևս իրար հետ են», ակնհայտ է, որ այդ աղանդապետական թեզը հոգևոր դասի մոտ միանշանակ չի ընդունվում, և հոգու խորքում նրանք գիտակցում են, որ այդ ճանապարհը բոլորին գլորում է անաստվածության վիհը, որից դուրս գալու համար պետք է իսկական քավարանով անցնել։ Ուստի հնարավոր բոլոր իրավիճակներում նրանք փորձում են խուսանավել և «թռնել» Նիկոլի վրայից։ Թերևս պատահական չէ, որ Վեհափառն էլ իր խոսքերում քանիցս շեշտել է իրական ուխտին վերադառնալու, ներողություն խնդրելու և Մայր Եկեղեցու գիրկը դառնալու անհրաժեշտության մասին։ Ավելին՝ այն փաստը, որ «հայտնի տասնյակը» մինչ օրս կարգալույծ չի արվել և եկեղեցուց դուրս չի համարվել, վկայում է հենց այդ հնարավոր վերադարձի գործոնը հաշվի առնելու մասին»։