Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.

«ՀԷՑ-ից զանգեցին ու հաստատեցին` Նիկոլ Փաշինյանը ստում է». Վահե Մակարյան

135
Այսօր, 00:00
«ՀԷՑ-ից զանգեցին ու հաստատեցին` Նիկոլ Փաշինյանը ստում է». Վահե Մակարյան

Լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀԷՑ-ից զանգեցին ու հաստատեցին՝ Նիկոլ Փաշինյանը ստում է՝ ՀԷՑ-ն առնվազն 70 տոկոս բաժանորդներից չէր կարող գողություն անել:
Այսօր հնչեցրած իմ հարցը, պարզվեց, աժիոտաժ է առաջացրել ՀԷՑ-ում: Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց ինձ զանգահարեցին ՀԷՑ-ից, որպեսզի հասկանան՝ ի՞նչ խնդիր կա մեր սպառած էլեկտրաէներգիայի մասով, և արդյո՞ք մեր հոսանքը նախկինի համեմատ ավելի շա՞տ է գրում, թե՞ ոչ:
Զանգահարողը ՀԷՑ իրացման գծով բաժնի պետերից մեկի տեղակալն էր՝ Ռոբերտ Բաբախանյանը, որը 2.5 տարի է՝ ՀԷՑ-ում է, մինչ Ռոմանոս Պետրոսյանի գալը աշխատել է ՀԷՑ-ի իրացման գծով տնօրեն Դավիթ Ղազինյանի ենթակայությամբ:
Պարոն Բաբախանյանը ներկայացրեց ինձ այս դեկտեմբերին և նախորդ դեկտեմբերին մեր սպառած էլեկտրաէներգիայի տարբերությունը, և պարզվեց՝ 2025-ի դեկտեմբերին ընդամենը 8 Կվտ ենք ավել սպառել 2024-ի դեկտեմբերի համեմատ: Նույն կարգի թվեր են նաև նոյեմբեր ու հոկտեմբեր ամիսների մասով: Այսինքն, նախորդի համեմատ էական տարբերություն չկա: Հետևաբար, եթե մեր ընտանիքից գողություն է կատարվել նախկինում՝ մինչև այս իշխանությունների կողմից ՀԷՑ-ը «Տաշիր կապիտալ» ընկերությունից «խլելը», ապա նույն տրամաբանությամբ գողություն է կատարվում նաև հիմա:
Բացի այդ, ՀԷՑ պաշտոնյան նշեց, որ հաշվիչների մեծ մասի՝ կեսից ավելիի դեպքում տեսուչների կողմից միջամտությունն ու հավելագրումն ուղղակի գործնականում բացառված է, քանի որ մոտ 800 հազար հաշվիչ միացված է АСКУЕ համակարգին կամ հայերեն՝ ԲԵԱՀ-ին (Բաշխիչ էներգո ավտոմատացված համակարգ), ինչը նշանակում է, որ այդ հաշվիչներն աշխատում են ինքնաընթերցման մեխանիզմով, այսինքն՝ ամեն ամսվա վերջում ավտոմատ հաշվում են բաժանորդի սպառած էլեկտրաէներգիան և ցուցմունքն արտացոլում համակարգում: Հետևաբար, որևէ տեսուչ ոչ մի պարագայում չի կարող այդ հաշվիչներում միջամտություն իրականացնել և այլ ցուցմունք գրել:
ՀԷՑ-ն այս պահին ունի մոտ 1 մլն 100 հազար բաժանորդ, որից 800 հազարի կամ մոտ 70 տոկոսի դեպքում, փաստորեն, ըստ ՀԷՑ պաշտոնյայի, հավելագրում անելն անհնար է: Սրանից կարող ենք եզրակացնել, որ նույնիսկ եթե այն 30 տոկոս տեսուչներից բոլորը անբարեխիղճ են եղել ու հավելագրումներ են արել, ապա Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե «Հայաստանում չկա մի ընտանիք, որից ՀԷՑ-ը փող չի գողացել», առնվազն 70 տոկոսով սխալ է: Սրանում համոզվեցինք ոչ միայն մեր ընտանիքի օրինակով, այլև ՀԷՑ պաշտոնյայի ներկայացրածով:
Ավելի ուշ ինձ հետ կապ հաստատեց նաև ՀԷՑ իրացման գծով նոր տնօրեն Լևոն Հովհաննիսյանը, որը զբաղեցնում է Դավիթ Ղազինյանի պաշտոնը: Նա ևս չհերքեց, որ առնվազն 70 տոկոս հաշվիչների մասով հավելագրումն անհնար է, միայն ավելացրեց, որ այդ 800 հազար հաշվիչները АСКУЕ հանակարգին միացել են մոտ 2.5 տարի առաջ՝ ՀԷՑ նախկին ղեկավարության օրոք: Այսինքն՝ նա էլ իր հերթին ակամա հաստատեց, որ Փաշինյանը գոնե թե 70 տոկոսով ստում է կամ մենք ճիշտ էինք՝ Նիկոլ Փաշինյանը սխալվեց:
Հ.Գ. Շնորհակալ եմ ՀԷՑ պաշտոնյաներին իմ բարձրացրած հարցին հետևողական լինելու, զանգահարելու, պարզաբանելու և այսպիսի հետաքրքրիր բացահայտումներ անելու համար»:

Աղբյուրը`   Վահե Մակարյան