«Հայրենադավը գտել է տիրադավներին, ճղճիմը՝ չնչիններին, և դրան հաջորդում են հանցագործությունները»․ Միքայել Սրբազան
182
Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 20:12
Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը. «Նախ և առաջ՝ Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ Ձեզ և մեզ մեծ աւետիս Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական և մտացածին օրակարգով: Այո, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր դարձյալ մոլեգնել են Հերովդեսն ու Հերովդիադան, զոհ են փնտրում, անմեղի արյուն՝ ի գոհացում իրենց հիվանդագին մտագարության: Բարեվարքության մասին խոսողները՝ ապաշխարության և պահեցողության մեջ լինելու փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ դրանով իրենց ողորմելիության դատավճիռն ստորագրած լինելով: Հիրավի, հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին: Եվ դեռ դրան հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները ինչպես Երևանում, այնպես էլ Թալինում: Տգետները գոնե պատմություն իմանային, որ նման դեպքեր եկեղեցին բազմիցս է հաղթահարել: Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը և ճիշտ ախտորոշում կիրականացնի: Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո: Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները: Իսկ Քրիստոս ճշմարտապես ծնվեց և հայտնվեց, Ձեզ և մեզ մեծ ավետիս: Օրհնությամբ՝ Միքայել արք. Աջապահյան 194-րդ օր ապօրինի բանտարկության 06.01.26