Երևան`   -9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.

«Աստծո համար չկա ազգություն, չկա նույնիսկ կրոն»․ Արթուր Դանիելյան

136
Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 18:24
«Աստծո համար չկա ազգություն, չկա նույնիսկ կրոն»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ, այդ թվում՝ հայերից շատերը, անընդհատ փորձում են սպանել Աստծուն կամ առնվազն գերեվարել նրան, հպատակեցնել, ծառայեցնել սեփական շահին: Դա, իհարկե, երբեք ոչ մեկի մոտ չի ստացվել: Բոլորն առանց բացառության միշտ պատժվել են, բայց, ցավոք, միևնույն է չեն դադարում փորձերը:
Զգացե՞լ եք, որ միջին վիճակագրական հայը, երբ հիշում է, քրիստոնեությունն առաջինն ընդունած պետության մասին, դա չի անում իր իսկ քրիստոնեական վարքը հիմնավորելու համար, քանի որ միջին վիճակագրական հայը շատ ավելի հեռու է քրիստոնեությունից, քան միջին, ասենք թե, պարսիկը: Ո՜չ, դա արվում է քրիստոնեությունը, այսինքն՝ Աստծուն սեփականաշնորհելու, ուրիշներից խլելու ու մեզ ծառայեցնելու նպատակով: Սեփականաշնորհելու ու հետագայում սեփական թերարժեքության բարդույթներին ծառայեցնելու համար: Հայոց հպարտությունների չուլանում սեփականաշնորհված Աստված ունենալը նույն դարակի վրա է դրված «հայ մարզիկը ֆինալում հաղթեց ադրբեջանցուն 6-0 հաշվով» վերնագրի կողքը: Աստված դարեր շարունակ մեզ պատժում է այս մեր ճղճիմ բարդույթները սնուցելու համար, մենք, սակայն, համառորեն չենք դադարում:
Մահը Աստծուց է: Հիվանդությունն էլ է Աստծուց: Պատերազմն էլ, ցեղասպանությունն էլ: Չկա էս աշխարհում մի իրադարձություն, որը տեղի է ունեցել Աստծո կամքին հակառակ, այդ թվում՝ ամենասարսափելի իրադարձությունները: Աստված բանականությունն է, այն կա ամենուր, այն եղել է ի սկզբանե, ու լինելու է միշտ, համենայնդեպս սա է Ասված՝ Հիվհաննեսի ավետարանի առաջին իսկ տողում:
Աշխարհի գոյության միլիարդավոր տարիների ընթացքում ցանկացած իրադարձություն ունի բանական բացատրություն և տրամաբանորեն շղթայված է դրանից առաջ և հետո տեղի ունեցող բոլոր իրադարձություննրեի հետ: Համաձայնելով, որ Աստծո ճանապարհներն անքննելի են, մենք ընդամենն ընդունում ենք, որ երբեք չենք ունենալու այն մտավոր կարողությունը, որը մեզ թույլ կտար իմանալ ամեն ինչ, տեսնել այդ ամբողջական շղթան: Այնուամենայնիվ, մենք չենք դադարում հավատալ, որ ամեն ինչ ունի պատճառ և հետևանք, այսինքն՝ տրամաբանական շղթա է, և հենց սա է հավատքը: Ունակ չլինել տեսնել ողջ ճշմարտությունը, բայց հավատալ, որ այն կա:
Հավատքն ամեն քայլափոխին խաչքար տնկելը չէ, եկեղեցու կողքով անցելիս խաչակնքվելը չէ, վեհարանի առջև հեզ ու խոնարհ դեմքի արտահայտությամբ չոքելը չէ: Խաչքարների ու արձանների փոխարեն կարելի էր Մատթևոսի ավետարանի 6-րդ գլուխը մի բարձր սարի գագաթին մեծ տառերով գրել՝
«5 Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: 6 Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս: 7 Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն»։
Չեք նկատե՞լ, որ մարդ ինչքան ավելի շատ է ցուցադրում իր կրոնականությունը, այդքան ավելի հավանական է, որ ձեր դիմաց սրիկա է: Իսկ եթե ցուցադրամոլության հետ համակցվում է շատախոսությունը, ուրեմն մի 99%-ոց վիժվածքի հետ գործ ունեք:
Իմ կյանքի ընթացքում հանդիպած ամենա քրիստոնեական վարքագիծ ունեցող մարդիկ, ինչքան էլ զարմանալի է՝ ճապոնացիք էին: Ճապոնացիք, որ դաժանորեն սաստեցին քրիստոնեության տարածումը իրենց երկրում, այնուամենայնիվ իրենց առօրյայում շատ ավելի քրիստոնեաբար են ապրում, քան շատ քրիստոնյաներ և առաջին քրիստոնեաները մասնավորապես: Եվ հենց այս վարքագծի դիմաց հատուցվել են «յայտնապէս»:
Աստծո համար չկա ազգություն, չկա նույնիսկ կրոն: Աստծո համար էական չի՝ ում ես դու աղոթում, ոնց ու որտեղ: Կապ չունի դու քեզ ինչ ես համարում՝ քրիստոնյա, մուսուլման, թե աթեիստ: Ինքը գիտի՝ ինչ ես դու իրականում: Կարևորը կյանքդ ապրես «մարդավարի», չմերժես տրամաբանությունը: Խոնարհվես բանականության առջև, մեղքեր գործելուց հետո խոստովանես դրանք ու հիշես, որ երբեք ուշ չէ ապաշխարել ու ծնվել նորից...
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան