«Հայ ժողովուրդը մեծ թռիչքների ընդունակ ազգ է». Գրիգոր Առաքելյան
67
Այսօր, 00:24
Դիվանագետ, իրանագետ Գրիգոր Առաքելյանը գրել է. «Հայ ժողովուրդը մեծ թռիչքների ընդունակ ազգ է։ Դուք հայից բացի չեք գտնի գեթ մեկ ուրիշ ազգ, որի ուսահոդից մինչև դաստակն ընկած հատվածը կոչվեր այն բառով, որն ի վերուստ նախատեսված է եղել թռչունների համար։ Պարզ ասած՝ միայն հայերի մոտ է, որ բազուկը «թև» է կոչվում։ Մեկ էլ՝ թռչունների մարմնի աջ ու ձախ կողմերից կպածը, որով իրենք… թռչում են։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ հայերը անհիշելի ժամանակներից թռչելու ձիրք են ունեցել։ Թե չէ հայ մարտիկը ինչո՞ւ կարոտից պիտի դնդնար․ «Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն»։ Կարոտն առնելու համար, օրինակ, թուրքմեն զինվորը կասեր՝ «Ձիով սլանայի դեպի իմ յուրդը…» Հագարացին էլ՝ «Ուղտ լիներ, ինձ հասցներ Արաբստան…» Օդակայաններում միայն հայն է, որ իր հայ ծանոթին հետաքրքրությունից դրդված հարցնում է․ — Ու՞ր ես թռնում։ և ստանում միանգամայն տեղին պատասխան․ — Քու ի՞նչ գործն է։ Եթե հայ երեխայի ուսահոդից մինչև դաստակն ընկած հատվածը «թև» չկոչվեր, տնային առաջադրանքներն ավարտելուց հետո նա ինչո՞ւ պիտի դուրս վազեր՝ գոռալով․ — Մամա՛, ես թռա։ Միայն հայն է, որ հրճվանքի պահին «վեր-վեր է թռնում»։ Թուրքը, օրինակ, թև չունենալու պատճառով, ընդամենը ցատկոտում է («Sevinçten zıplamak»)։ Պարսիկն էլ թռչկոտելու փոխարեն պարզապես «տեղը տիտիկ չի անում» (روی پا بند نمیشود)։ Իսկ մենք նույնիսկ սայթաքելիս վայր չենք ընկնում, մենք «վեր ենք ընկնում»։ Այսինքն՝ բարձրանում ենք։ Վեր է բարձրացել ու անհետացել նաև այն քարագործ վարպետը, որ Սուրբ Հոգուց թևեր է խնդրել ու Սյունյաց աշխարհի հռչակավոր վանքը անվանակոչել Տաթև։ Կոմիտասն էլ, իր ձայնը աշխարհասփյուռ հայերին հասցնելու համար պարզապես ապավինել է թևերին ու ասել․ Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն, Սրտիդ բունեմ՝ կայուն-մայուն։ Ո՛վ իմ թևիկ, Տո՛ւր իմ հևիկ, Թռչեմ երթամ…»: