Երևան`   -9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.

«Հաղթեց օլիգարխիայի շահը»․ Ծաղիկ Վարդանյան

76
Այսօր, 02:06
«Հաղթեց օլիգարխիայի շահը»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞ՆՉԸ ՓՈԽՎԵՑ ԱՌՈՂՋՈՒԹԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ
Առողջության համապարփակ ապահովագրության օրենքը 2025 թվականի դեկտեմբերի 17-ին վերջապես ընդունվեց: Հիմա կարող ենք արձանագրել, որ առնվազն ունենք ԱՀԱ-ի մասին հաստատված օրենք: Այն ներդրվելու է 2026 թվականի հունվարի մեկից՝ փուլային եղանակով:
Ապահովագրության այս օրենքը շատ «հետաքրքիր էվոլյուցիոն» ճանապարհ է անցել: Սկզբում համապարփակ էր, ապա դարձավ համընդհանուր, որոշվել էր, որ պետք է մեկնարկվեր 2024 թվականին, հիմա 2026 թվականն է և այլն:
Բայց ամենահետաքրքիրն այս օենքի դրույթների հետ կատարված տրանսֆորմացիաներն են:
․ Քանի որ Ամանորի նախաշեմ է, սկսեմ դրականից.
Այսպես, սույն օրենքում ապահովագրվողները բաժանված են 15 խմբերի, որանցից առաջին 10 խմբերի համար ապահովագրավճար վճարելու է Հայաստանի կառավարությունը, մնացած դեպերում՝ ապահովագրավճարը վճարելու է քաղաքացին՝ իր եկամուտներից: Մինչև ԱԺ-ում այս օենքի 2-րդ ընթերցումը, զինծառայողների և նրանց հավասարեցրած անձիք վերոնշյալ 10 խմբերում ներառված չէին, միայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ»-ն էին ամրագրված, որպես պետության կողմից ֆինանսավորվող խումբ: Մի տեսակ անհասկանալի էր զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների նկատմամաբ այս անտարբեր վերաբերմունքը:
Սակայն արդեն վերջին էտապում, այնուամենայնիվ, հայաստանյան իրականությունը հաղթեց, և արդեն օրենքի վերջնական տարբերակում 11-րդ հոդվածի 9-րդ մասում ավելացվել են 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից 44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ զոհված (մահացած) կամ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները, որպես պետության կողմից ապահովագրավճար վճարվող խումբ: Այսինքն, նրանց ապահովագրական ծախերը հոգալու է պետությունը:
- Այո, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին «մոռանալ» չստացվեց:
Իսկ զինծառայողները, փրկակար ծառայողները և նրանց ընտանիքի անդամները ապահովագրավճարը կվճարեն իրենց եկամուտներից:
․ Կանխարգելիչ ծառայություններ
Չեմ պատրաստվում անդրադառնալ, թե ինչ ծանծաղ, մակերեսային ծառայություններ է նախատեսվել կանխարգելիչ փաթեթում, որին դժվար է համարել կանխարգելիչ: Այս պահին խնդրո առարկան այլ է: Պարզվում է, որ կանխարգելիչ ծառայությունը որպես անձի համար ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայման գործելու է 2029 թվականից: Հետևաբար 2025-2028թթ. ներառյալ ապահովագրված անձիք հիվանդանոցային ծառայություններից կօգտվեն առանց նախապայմանի, ստացվում է կանխարգելել պետք չէ, միայն բուժել: Հիմա հասկանալի է, թե ինչո՞ւ են այս համապետական ծրագրի ղեկավարներն առանց անհանգստանալու հայտարարում, որ 2026թ. հունվարի մեկից մեկնարկվում է ապահովագրությունը:
ՀՀ առողջապահության նախարարություն, գործող մեխանիզմներից ի՞նչն եք փոխել, առաջիկա 3 տարին անգամ կանխարգելիչ բուժզննում չեք նախատեսել: Փաստորեն, նույն պետական պատվերն է, նոր մեխանիզմ չի ներդրվում, միայն նոր «հարկատեսակ» է ավելանում և ընդամենը փոփոխվում է շահառուների թիվը: Իսկ ապահովագրությանը բնորոշ հիվանդանոցային դիմելության զսպման ամենապարզունակ գործիքը՝ կանխարգելիչ բուժզննումը, կգործի 2029թվականից:
․ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ
Մինչև ԱՀԱ օրենքի 2-րդ ընթերցումը ԱԺ-ում, մասնավոր ապահովագրական կազմակերպությունները, որոնք կամավոր ապահովագրական փաթեթների տիրույթում են աշխատում, հայտնվել էին ոչ շահեկան վիճակում: Նրանց թույլատրվեու էր միայն մատուցել պետական ապահովագրական փաթեթի մեջ չներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ: Այսպես, եթե օրինակ՝ ԱՀԱ-ի շրջանակում սրտի անոթների ստենտավորում է իրականացվում, ապա մասնավոր ապահովագրականը այդ ծառայությունը իր փաթեթներում չէր կարող ներառել:
․ ԲԱՅՑ.
ԱԺ-ում օրենքի 2-րդ ընթերցման ժամանակ «լուռ» ավելացել է 3-րդ հոդվածի 5-րդ մասը.
«5. Սույն օրենքը չի սահմանափակում ապահովագրված անձի իրավունքը ապահովագրական փաթեթում ընդգրկված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, դեղերի, ծախսերի հատուցում ստանալու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առողջության կամավոր ապահովագրության շրջանակներում»:
Այս նորմը կգործի 2029 թվականից:
Հիմա է հասկանալի մասնավոր ապահովագրականների այս ամբողջ ընթացքի «անձայն լռությունը»:
Լոբբինգ... Հաղթեց օլիգարխիայի շահը:
Նիկոլ Փաշինյան, ափսոս, հույս կար, որ ՀՀ-ում իրականում կներդրվեր բժշկական ապաովագրություն, բայց ստացվեց նույն պետական պատվերը, ցավո՛ք, այսքան աղմուկից հետո քաղաքացու համար ընդամենը ավելանում է նոր «հարկ», մինչ 6 ամիս հերթագրումներ, իսկ ֆինանսական բարօրություն ունեցողներն էլ կապահովագրվեն մասնավորում և կստանան համապատասխան բուժօգնություն:
Հ.Գ. Хотели как лучше, получилось как всегда»։

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան