«Եկեղեցու կանոնական ներխուժում կամ եպիսկոպոսական իրավասության ոտնահարում»․ Սամվել դպիր Գրիգորյան
61
Երեկ, 23:06
Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանումներ է ներկայացրել՝ անդրադառնալով Գյումրու Յոթ Վերք եկեղեցում վաղը մատուցվելիք պատարագին՝ նշելով․ «ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ
Հայ Առաքելական Եկեղեցու որևէ թեմի տարածքում մեկ այլ քահանայի կողմից Սուրբ Պատարագ մատուցելն առանց տվյալ թեմի առաջնորդի (տեղապահի) գիտության կամ օրհնության խախտում է Եկեղեցու կարգապահության և կանոնական ենթակայության հիմնարար սկզբունքները: Առանց թույլտվության ծառայությունը ՝ այդ թվում Ս.Պատարագ մատուցելը նշանակում է եկեղեցական ընդունված կարգի հանդեպ անհնազանդություն և տեղական հոգևոր իշխանության անարգում։ Իսկ եթե Պատարագ մատուցելու հավակնություն ունի այլ թեմի եպիսկոպոսը, ապա դա որակվում է որպես կանոնական ներխուժում կամ եպիսկոպոսական իրավասության ոտնահարում: Այն հակասում է Աստվածաշնչյան սկզբունքներին, առաքելական կանոններին, եկեղեցու սուրբ հայրերի պատգամներին, մասնավորապես. 1. Առաջնորդներին հնազանդվելու Աստվածաշնչյան սկզբունքն է. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց... » (Եբր. 13:17): Այսինքն, թեմի առաջնորդից անկախ գործելը խախտում է այս պատգամը։ 2. Պարկեշտության ու կարգը պահելու Աստվածաշնչյան սկզբունքն է. «...եւ ձեր ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի» (Ա Կորն. 14:40)։ Եկեղեցու առաքելության հիմքը Քրիստոսի մարմնի միասնությունն է։ Մեկ ուրիշի տարածքում առանց թույլտվության գործելը քայքայում է տեղական Եկեղեցու միասնությունն ու իշխանությունը։ Եպիսկոպոսի ծառայությունը մեկ այլ եպիսկոպոսի տարածքում՝ առանց նրա համաձայնության, անհամաձայնություն և անկարգություն է առաջացնում Եկեղեցում։ Աստվածաշունչը պահանջում է, որ բոլոր ծառայություններն ու գործողությունները լինեն պարկեշտության և ընդունված կարգի սահմաններում։ 3. Տեր Հիսուս Ավետարանում պատվիրեց. «...եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է» (Մատթ. 18:19)։ Եպիսկոպոսական համակարգը պահանջում է միաբանություն, համաձայնություն գործելու համար։ Առանց տեղական եպիսկոպոսի համաձայնության նրա թեմում Պատարագ մատուցելը հակասում է Ավետարանի՝ միության և համաձայնության մասին պատվիրանին։ 4. Առաքելական Կանոնների ամենահին դրույթներից մեկը (ԿԵ (ԿԴ) ԼԱ կանոն), սահմանում է. «Թույլ չտալ ընդունել օտար եպիսկոպոսներից, կամ քահանաներից, կամ սարկավագներից որևէ մեկին առանց նվիրական թղթի, իսկ եթե նրանց ընդունեն, այնուամենայնիվ, պետք է քննել, թե արդյոք նրանք բարեպաշտության քարոզիչներ են. եթե այո, թող ընդունվեն, բայց եթե ոչ, թող նրանց տրվեն միայն անհրաժեշտ կարիքները, սակայն թող ծառայության չներգրավվեն, քանզի շատ բան է կատարվում խաբեությամբ»: Այսինքն, օտար թեմի հոգևորականը չի կարող ծես կատարել, այդ թվում Ս.Պատարագ մատուցել՝ առանց տվյալ թեմի առաջնորդի օրհնության և թույլտվության: 5. Առաքելական Կանոններից մեկ ուրիշը (ԿԷ (ԿԶ) ԼԳ կանոն), սահմանում է. «Թող ոչ մի Եպիսկոպոս իրավունք չունենա ձեռնադրություն կատարել իր թեմի սահմաններից դուրս...»: Ըստ կանոնի և՛ կարգազանց եպիսկոպոսը, և՛ ձեռնադրվածը պետք է կարգալույծ արվեն: Թեև այս կանոնում «Պատարագ» բառը չկա, կանոնական իրավունքի տեսանկյունից այս դրույթը հիմք է ծառայում եզրակացնել, որ նրան արգելված է կատարել ցանկացած այլ խորհուրդ, այդ թվում՝ Պատարագ մատուցել։ Դա մեկ այլ թեմում առանց թույլտվության դիտվում է որպես տեղական եպիսկոպոսի իշխանության ոտնահարում, որը հենց այս կանոնն է արգելում։ 6. Ս. Հովհան Ոսկեբերանը և Եկեղեցու մյուս հայրերը շեշտում են, որ ոչ մի հոգևորական չպետք է անցնի այն ծառայության սահմանը, որը նրան տրվել է Եկեղեցու իշխանության կողմից՝ այլոց իշխանությունը չոտնահարելու համար։ Այլ եպիսկոպոսի թեմում առանց թույլտվության գործելը համարվում է Պողոս առաքյալի նշած չափից դուրս գալը. «...ոչ թէ չափից դուրս, այլ՝ ըստ չափի այն կանոնի, որը Աստուած մեզ բաժանեց...» (Բ Կորն. 10:13): 7. Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ Եկեղեցու խաղաղությունը և միությունը պահպանվում է նվիրապետական կարգին հնազանդվելով և եպիսկոպոսների տիրապետության սահմանները պահելով։ Երբ մեկ եպիսկոպոս մտնում է մյուսի տարածք, նա խաթարում է տեղական հավատացյալների և նրանց հովվի միջև եղած կարգը։ Այս ներխուժումը համարվում է անհնազանդության և անկարգության վառ գործողություն։ Իսկ եթե այս ամենին ավելանա Վեհափառ Հայրապետի և Թեմի Առաջնորդի անունների զեղջումը «Պատարագի» ընթացքում, ապա. 8.Պառակտող հոգևորականը, մերժելով Կաթողիկոսի իշխանությունը, ինքնաբերաբար դուրս է գալիս Եկեղեցու կանոնական դաշտից։ Հայոց Հայրապետի անունը չհիշատակելը Ս.Պատարագին Հայ Առաքելական Եկեղեցու կանոններով համարվում է ծանր կարգազանցություն, պառակտման քայլ և եկեղեցու միասնության խաթարում։ 9. Պառակտում հրահրող հոգևորականը, անկախ իր հոգևոր աստիճանից, անմիջապես պետք է զրկվի այդ աստիճանից։ Պատիժը հանվում է միայն այն դեպքում, երբ անձը կամ խումբը խորը ապաշխարությամբ վերադառնում է Եկեղեցու ծոցը և ճանաչում նվիրապետական կարգը։ Եթե համառում է, պետք է ենթարկվի բանադրանքի։ 10. Աշխարհականը, ով ակտիվորեն մասնակցում կամ գլխավորում է պառակտումը, պետք է հեռացվի Եկեղեցուց և նզովվի, մինչև չապաշխարի ու նոր վերադառնա եկեղեցու գիրկը։ ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ. Առանց թեմի առաջնորդի օրհնության և թույլտվության Պատարագ մատուցելը այլ թեմի քահանայի կամ եպիսկոպոսի կողմից սուրբգրային պատգամների, եկեղեցու կանոնների, եկեղեցու հայրերի դիրքորոշման կոպտագույն խախտում է, որը չի կարող չունենալ համապատասխան հետևանքներ: Պառակտման մեջ գտնվող հոգևորականի կողմից կատարված Խորհուրդները, նույնիսկ եթե տեխնիկապես ճիշտ են, զուրկ են լինում փրկարար ուժից, քանի որ դրանք կատարվում են Եկեղեցու Միասնության մարմնից դուրս»։