Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ.

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

60
Այսօր, 14:30
«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը հետամուտ է Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագրի իրականացմանը.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է․ «Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո, վերադարձի իրավունքն մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է»։ Ալիևը հավելել է․ «Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում»: Նա Հայաստանին մեղադրել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի տարածքում ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Մինչ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական մյուս գործիչները հայաստանցիներին, հայ ժողովրդին խաբում, նրա գիտակցությունը թմրեցնում են Ադրբեջանի հետ մոտալուտ, կայուն խաղաղությամբ, Իլհամ Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը հետևողական ձևով իրականացնելու իր մտադրությունը։ «Արևմտյան Ադրբեջան ադրբեջանցիների վերադարձը» այն մեծ ականն է, որը կպայթեցնի Հայաստանի պետականությունը։ Հիմա իշխանության կերակրատաշտից առատորեն սնվող «սատանայի փաստաբանները» Հայաստանում կանցնեն գործի ու կփորձեն հանրությանը համոզել, որ նույն այդ ուղերձում Ալիևը նշել է․ «2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումը Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս և վստահություն են ներշնչում երկու ժողովուրդների ապագա համակեցության նկատմամբ»»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան