«Մեր երկրի Մայր օրենքը չպետք է փոփոխվի երրորդ պետության պարտադրանքով»․ Թաթուլ Հակոբյան
213
Շաբաթ, 22 նոյեմբերի, 2025 թ., 21:28
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեղջկական մտորումներ Մայր օրենքի փոփոխությունների շուրջ․ Հայաստանում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո տեղի է ունենալու մեկ այլ համապետական ընտրություն՝ սահմանադրական փոփոխությունների: Անձամբ գնալու և ՈՉ եմ ասելու այդ փոփխություններին, թեև կա երկու շատ ծանրակշիռ պատճառ, որը ինձ պարտադրում է գնալ և ԱՅՈ ասել: Բայց ՈՉ եմ ասելու, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով Սահմանադրության, ավելի ճիշտ՝ Անկախության Հռչակագրի մեջ է կատարվելու փոփոխություն: Այստեղ կարևորը Ադրբեջան և Թուրքիա անունները չեն միայն, թեև դա էլ էական է: Եթե լիներ Ռուսաստան ու Մեծ Բրիտանիա, էլի ՈՉ էի քվեարկելու, քանի որ մեր երկրի Մայր օրենքը չպետք է փոփոխվի կամ դրանում փոփոխություն կատարվի երրորդ պետության պարտադրանքով: Եթե չլիներ Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրանքը, որո՞նք էին այն երկու ծանրակշիռ պատճառները, որոնք ինձ մղելու էին ԱՅՈ քվեարկելու: ա/ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները կատարվել են Սերժ Սարգսյանի համար: Եվ, ինչպես նկատել է ռուս հայտնի լրագրող Կրիվոշեևը, Սերժի «գողացած մեքենան վարում է» Փաշինյանը: բ/ ժամանակին, ճիշտ է, ոչ հրապարակավ, արդարացված չեմ համարել, որ Անկախության Հռչակագրում դրվի պատմական տեքստ: Մանավանդ այն դեպքում, երբ Հայաստանի որևէ կառավարություն չի համարձակվել Արցախը ճանաչել Հայաստանի մաս: Եթե չես ճանաչում Արցախը Հայաստանի մաս, ապա ի՞նչու պետք է Հռչակագրում, հետևաբար՝ Սահմանադրության մեջ ամրագրվի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, մանավանդ, երբ կողմերից մեկը չի եղել ընտրված մարմին: Բոլորս ենք հիշում, որ Անկախության Հռչակագրում Միացման որոշումն ու Հայոց ցեղասպանության հարցը մտցնելուն դեմ էր ՀՀՇ-ի մի հատվածը այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Բայց ՀՀՇ-ի մի մեծ հատված և այլ կուսակցություններ տապալում էին Հռչակագիրը, այդ պատճառով՝ ընդունվեց կոնսենսուսային որոշում: Մայր օրենքում փոփոխություններ պարտադրելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ըստ էության, Հայաստանի ներքաղաքական կյանքում ունենում են դերակատարություն: Ամեն օր անկախության և ինքնիշխանության մասին ճառեր ասող իշխանությունները պետք է պատասխանեն այդ հարցին: Թ. Հ. Նոյեմբերի 22, 2025, Դովեղ»։