Երևան`   +5 °C
Այսօր`   Շաբաթ, 22 մարտի, 2025 թ.

«Թորոսյանի մանիպուլյացիան Փաշինյանի անճարությունից է»․ Սևակ Հակոբյան

120
Երեկ, 23:36
«Թորոսյանի մանիպուլյացիան Փաշինյանի անճարությունից է»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Թորոսյանի մանիպուլյացիան Փաշինյանի անճարությունից է․ «Կարճ ասած»
Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ պետք է հարևանների հետ լավ հարաբերություն ունենալ, լավ ապրել, խաղաղ ապրել, չլինել բլոկադայի մեջ։ Էսքանը Արսեն Թորոսյանը ճիշտ է ասում։ Բայց միայն այդքանը, ու այդտեղից հետո սկսում է բուն մանիպուլյացիան։ Քննարկման հարց է՝ արդյո՞ք սփյուռքահայերը իրավունք ունեն պահանջներ ներկայացնելու, եթե այստեղի քաղաքացի չեն, եթե թողել-գնացել են այլ երկրում են հարկեր մուծում, Հայաստանում ապրողներն են կրում նեղությունները մաշկի վրա, իսկ եթե գնացել են էնտեղից ստեղ փող են ուղարկում, ներդրում են անում, իսկ եթե նաև քաղաքացի են, իսկ եթե զուտ պարզ ու անկախ ամեն ինչից հայ են, ապրում են այն ամենով, ինչով մենք ենք ստեղ ապրում․․․ Այդ դեպքում, առնվազն, սփյուռքահայերը իրավունք ունեն թե՛ պահանջելու, որ իրենց շահերը չդավաճանեք, որպես Հայաստանի իշխանություն, իրենց սերունդների արդար պայքարը չդավաճանեք։ Ու ՔՊ-ականը սփյուռքահայերին վերաբերող նման գրառում անելու առնվազն բարոյական իրավունքը չուներ, թեկուզ նրա համար, որ՝ Նիկոլը հեղափոխությունից հետո գնացել էր Լոս Անջելես ու միտինգ էր անում, խոստումներ էր տալիս հայրենիքի, հայրենիքում ապրողների մասին։ Էդ Սփյուռքն էր գումար հանգանակում, որ էստեղ ուղղեիք պատերազմին, ՔՊ-ն մտցնում էր բյուջե ու պատերազմի ժամանակ Արցախ մեկնող ՔՊ-ականներին գործուղման գումար տալիս։ Դե հիմա, մարդիկ էլ նստում ու ասում են իրենց պատկերացրածը․ թե՞ միայն իրավունքը ունեն ձեզ գովալու, այ քննադատելը՝ ոչ։ Իրականում, դա միայն սփյուռքահայերը չեն, այն քննադատությունները, որ տալիս են Սփյուռքից, դրանից շատ ավելի ուժգին այստեղ կան ու ամեն օր, էնպես չի, թե Թորասյանի տրամադրությունը դրանից փոխվում է։
Լավ, էս սաղ մի կողմ․ ՔՊ-ականն ասում է՝ ինչքան էլ սիրենք մեր բոլոր հայրենակիցներին, պետք է անկեղծ լինենք հենց ինքներս մեզ հետ։ Հիմա առաջարկում եմ անկեղծանալ ու ասել՝ խնդիրն իրապես այն չէ՝ ինչքան է քննադատում-պահանջում Սփյուռքը, անգամ խնդիրն այնտեղ չէ, թե ինչ աքսիոմատիկ տարբերակներ է ներկայացնում․ խնդիրն այն է, որ դուք ինչ ասել եք, լրիվ հակառակն եք արել, մարդիկ ձեզ չեն վստահում, մարդիկ ասում են՝ հրաժարակա՛ն տվեք ու կորե՛ք մեր աչքերից, անտանելի եք, դուք, ձեր ամենից գոհ դեմքները, ձեր լցված թշերը, ձեր ձայները, ձեր ստերը, անդադար ստերը, մարդիկ ասում են, եթե անգամ ճիշտ բան ես ասում, դո՛ւ, այո, հենց դո՛ւ Արսեն, ի վիճակի եք հակամարտությունը սրելու փոխարեն այն վերացնել, արժանապատիվ խաղաղություն հաստատել, սահման բացել, ժողովրդին կոչ անել թշնամությունը հաղթահարել և բարիշել։ Էն խաղաղ տեղը եկաք-չեկաք պատերազմ բերեցիք, զարգացող Արցախը, մեկ էլ հիշեցիք ինչ-որ 90-ականների թուղթ, թե բա՝ Ադրբեջանինն ա, թողեցիք Ալիևը հայաթափ անի, նստեցիք տաք տեղներդ, մատը մատին չտվեցիք, հիմա էլ, թե՝ հեռվից մեզ մի՛ քննադատեք, մենք էստեղ նեղության մեջ ենք։ Այդ նեղություն բերողը հենց դուք եք բա, բա ի՞նչ անեն, որ ձեզ չասեն, ո՞ւմ ասեն, Քոչարյանի՞ն, Լևոնի՞ն, Դեմիրճյանի՞ն։ Ամբողջ խնդիրը սա է։ Նախկինում հակամարտութունը չի լուծվել, բայց չի սրվել, չնչին բացառություններով։ Աշխարհում հազար ու մի նմանատիպ հակամարտություն կա, սառեցված․ է մեկն էլ սա է, եկաք, սադրեցիք, հրահրեցիք, հիմա էլ թե՝ հեշտ է հեռվից քննադատելը։ Մարդիկ ասում են՝ դուք նախընտրական ծրագրում գրել եք Արցախի ինքնորոշման ճանաչում, Շուշիի, Հադրութի հետ բերում, խաղաղության դարաշրջան, արե՞լ եք, չե՛ք արել։ Ինչի՞։ Չե՞ք ուզել, իբր շատ եք ուզել, բա ի՞նչն է պատճառը, անեի՛ք, պահեի՛ք․ ի՞նչ է Սփյուռքը կամ ներսի՞ց են խանգարե՞լ։ Ոչ ու ոչ․ ոչ մեկ էլ չի խանգարել, թողել են աշխատեք, գցել եք ոտքներիդ, մեզ էլ հետը․ չեք կարողացել, որովհետև բացի մոլորեցնելուց այս ժողովրդին, ուրիշ այլ բանի ընդունակ չեք։ Փաստը դա է։
Իհարկե, ո՛չ մենք՝ էստեղի բնակչությունը, ո՛չ մեր Սփյուռքի հայրենակիցները, չենք ուզում շրջափակում ունենալ, տնտեսական վնասներ կրել, ռազմական բախում, ուզում ենք հարաբերությունների կարգավորում, բայց հարց՝ իսկ ինչի դուք կարողանալո՞ւ եք դա ապահովել։ 7 տարի իշխանության եք, տեսել ենք լրիվ հակառակը՝ ձեր արած ամեն բան բերել է հակամարտության խորացմանը, ասածներն էլ բերել է պատերազմի, բռնգաղթի, զիջումների, հանձնումների, բայց ոչ երբեք՝ կարգավորման։ Նիկոլն ինչ-որ լիքը բաներ է ասել, էլ ասում է՝ պատերազմը խաղաղության համար է լինում, էլ եսիմինչ։ Ա՛յ ընկեր, երեք պատերազմի եք բերել, ո՞ւր է խաղաղությունը։ Ինչքան որ ձեր գոռալով Արցախը դարձավ Հայաստան, նույն կերպ էլ ձեր գոռալով, ստորագրելով խաղաղություն է լինելու։ Ժողովո՛ւրդ ջան, ես կուզենամ, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ոչ թե լինի փշալար կամ բարձր պատ, այլ Պորտուգալիան ու Իսպանիան իրար կապող 6 մետր երկարությամբ ու 1,5 մետր լայնությամբ կամրջից։ Շատ լավ կլինի։ Բայց դա միայն կենաց է։ Ինչպես որ կենաց է ձեր ասած ամեն ինչ, մենակ սահմանը չէ»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան