Երևան`   +5 °C
Այսօր`   Շաբաթ, 22 մարտի, 2025 թ.

«Առերեսման արդյունքում ոստիկանները բռնության փաստը չեն ընդունել»․ Ռոման Երիցյան

142
Այսօր, 00:42
«Առերեսման արդյունքում ոստիկանները բռնության փաստը չեն ընդունել»․ Ռոման Երիցյան

«Առերեսում եղել է Լոռու մարզային վարչության պետի և Տիգրանի, ինչպես նաև Տիգրանի ու իր վկայակոչած այն ոստիկանի հետ, որն իր նկատմամբ բռնություն է գործադրել։ Տիգրան Ուլուբաբյանը նաև Քննչական կոմիտեում հիշեց, որ լրագրողների կողմից արձանագրված անձնավորությունը հանդիսանում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի վարորդը»,- ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց հայտարարեց փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ առերեսման ընթացքում մի քանի հետաքրքիր հանգամանք է պարզ դարձել․ «Լոռու մարզային վարչության շենքում տեղակայված են մի քանի տեսախցիկներ, բայց դրանց արձանագրությունները չեն պահպանվում, քանի որ բացառապես առցանց ռեժիմով են աշխատում: Պարզ դարձավ նաև, ինչպես մյուս կողմերն են նշում, որ Տիգրան Ուլուբաբյանը ոչ թե տարվել է ոստիկանություն, այլ ընդամենը հրավիրվել է, և այդ ամբողջ ընթացքում ազատ է գտնվել և ոչ թե ձերբակալվածի կարգավիճակում․․․ Նաև նշում են, որ արձանագրությունները կազմվել, ստորագրվել են, սակայն Տիգրան Ուլուբաբյանն այդ գործողություններին չի մասնակցել»։
Հարցին՝ խոշտանգման դրվագների վերաբերյալ ի՞նչ արձանագրվեց, Ռոման Երիցյանը պատասխանեց․ «Խոշտանգման դրվագների վերաբերյալ Տիգրանը համառորեն և վստահաբար պնդել է իր ցուցմունքը։ Որոշակի դրվագներ ընդունել են, բայց կոնկրետ բռնության փաստը, ծնողների հասցեին հայհոյանքներ հնչեցնելը չեն ընդունել։ Բայց Տիգրանը ներկայացրել է դեպքի այնպիսի մանրամասներ, որոնք հորինել հնարավոր չէ»։

Ռոման Երիցյանը հավելեց՝ նախաքննական մարմինն իր անելիքն արդեն պետք է արած լիներ, ուստի հետագա սպասելիքների վրա հույս դնել չի ուզում․ «Նախաքննական մարմինն արդեն բաց է թողել իր հնարավորությունը բացահայտելու այս հանցագործությունը»։

Ռոման Երիցյանի ճեպազրույցը