Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

«Խնդիրը քաղաքակրթական հասունացման մեջ է»․ Տարոն Սիմոնյան

126
Երեկ, 17:18
«Խնդիրը քաղաքակրթական հասունացման մեջ է»․ Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խնդիրը քաղաքակրթական է. ինչ և ինչպես էլ ախտորոշենք, վերադառնալու ենք դրան։
Եվ եթե արհամարհենք դա, լուծումներն այլ տեղ փնտրենք, կրկնելու ենք նույն սխալներն ու անիծենք հայի բախտը՝ մոռանալով, որ Բնությունը, Աստված կամ ձեր պատկերացրած որևէ այլ ուժն էլ մարդուց ու ազգից հոգնելու որակ ունեն, եթե վերջիններս համառորեն չեն հասկանում իրենց։ Միշտ էլ կլինեն այլ, ավելի թարմ մարդիկ, պետություններ ու ազգեր, որոնք կքայլեն Բնության, Աստծու կամ ձեր պատկերացրած որևէ այլ ուժի ստեղծած օրինաչափության տրամաբանությամբ։
Հիմա մեզանում եթե․

  • խորաթափանց լրագրողն իրեն հմուտ դիվանագետ է համարում կամ հակառակը,
  • սրամիտ հաշվապահն իրեն անհաղթ իրավաբան է համարում կամ հակառակը,
  • հաջողակ գործարարն իրեն անկաշկանդ քաղաքական գործիչ է համարում կամ հակառակը,
  • փորձառու ՏՏ մասնագետն իրեն հոգեբան֊սոցիոլոգ է համարում և հակառակը,

և բոլորը միասին իրենց ամենագետ քաղաքական վերլուծաբան, կատարյալ քաղաքական գործիչ ու ալամ֊աշխարհի խորհրդատուն են համարում և միևնույն ժամանակ վանում են այն ամենն, ինչ գիտական հիմք ու մեթոդ է ենթադրում, ասելով՝ «լավ դե ի՞նչ եք ընկել գիտահետազոտական֊միտահետազոտական թեմաների մեջ», մեզանում կրկին և կրկին սոցիոպատները խոսելու են ժողովրդավարությունից և գործեն դրա անվան տակ, հանցագործները խոսելու են օրինապահությունից և գործեն դրա անվան տակ, անբարոյականները խոսելու են բարոյականությունից և գործեն դրա անվան տակ, իսկ իրենց գործին ու առաքելությանը նվիրված մարդիկ էլ ժամանակ չեն ունենալու մարդու, պետության ու ազգի առաջընթացով զբաղվելու համար, որովհետև զբաղված են լինելու մյուսների թողած ու երկրաչափական պրոգրեսիայով աճող աղմուկի, ավերի ու կորուստների հետևանքները վերացնելու ամենօրյա աշխատանքով ...
Խնդիրը քաղաքակրթական է, ավելի կոնկրետ՝ քաղաքակրթական հասունացման մեջ է։
Հետևաբար՝ բուժումն էլ կրթադաստիարակչական է լինելու՝ ցայսօր կուտակված գիտելիքի, հոգևոր դաստիարակության ու սովորական տրամաբանության անխնա ու պարտադիր տրամադրման միջոցով»։

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան