Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

«Դիվանագետի օրը հիշեցնում է, որ մեր երկրի ապագան մեծապես կախված է նրանց աշխատանքից»․ Արման Բաբաջանյան

199
Երեկ, 12:36
«Դիվանագետի օրը հիշեցնում է, որ մեր երկրի ապագան մեծապես կախված է նրանց աշխատանքից»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «1992 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ՝ հաստատելով իր տեղը միջազգային հանրության մեջ։ Այդ պատմական օրվանից ի վեր, Հայաստանի դիվանագիտությունը անցել է բարդ ու երբեմն խոչընդոտներով լի ճանապարհ՝ ձգտելով ապահովել պետության շահերը միջազգային ասպարեզում։ 2012 թվականից սկսած՝ այս օրը նշվում է որպես Դիվանագետի օր, ինչը ոչ միայն խորհրդանշում է մեր դիվանագիտության կարևորագույն դերը, այլև պարտավորեցնում է նոր նվաճումներ ու նոր առաջընթաց։
Պետությունները, որոնք ունեն ուժեղ, պրոֆեսիոնալ և ճկուն դիվանագիտություն, կարողանում են կառավարել արտաքին քաղաքական ռիսկերը, գտնել դաշնակիցներ, և ապահովել իրենց ժողովրդի անվտանգությունն ու առաջընթացը։
Հայաստանի համար այս պահին դիվանագիտության առաջնային նպատակը ոչ միայն երկրի շահերի պաշտպանությունն է, այլև անվտանգության նոր չափորոշիչների ստեղծումը։
Միջազգային հարաբերությունների դեֆորմացիայի պայմաններում, երբ գերտերությունների միջև հակասությունները աճում են, Հայաստանը պետք է կերտի իր սեփական ճանապարհը՝ հիմնվելով իր շահերի և ազգային անվտանգության առաջնահերթությունների վրա։
Հայաստանը կանգնած է կարևոր ընտրության առաջ։ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը խոստանում է նոր հեռանկարներ՝ տնտեսական, քաղաքական և անվտանգային ոլորտներում։ Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացումը, անվտանգության դաշնակիցների բազմազանեցումը ոչ միայն կարող են ամրապնդել մեր երկրի դիրքերը, այլև թույլ տալ խաղալ ակտիվ դեր միջազգային գործընթացներում։
Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել միայն պրոֆեսիոնալ, համարձակ և առաջադեմ դիվանագիտության շնորհիվ։ Մեր դիվանագետները պետք է լինեն Հայաստանի բարձր ձայնը միջազգային հարթակներում։ Նրանք պետք է կարողանան ճիշտ գնահատել միջազգային գործընթացները, գտնել ճիշտ գործընկերներ և նոր հնարավորություններ բացահայտել Հայաստանի համար։
Դիվանագետի օրը հիշեցնում է, որ մեր երկրի ապագան մեծապես կախված է նրանց աշխատանքից։ Ամեն հաջողված բանակցություն, ամեն կառուցողական երկխոսություն՝ մեր երկրի անվտանգության և զարգացման փոքր, բայց կարևոր հաղթանակ է։
Շնորհավոր Դիվանագետի օրը։ Թող մեր դիվանագետների աշխատանքն իրոք նպաստի Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը, մեր ժողովրդի անվտանգությանը և մեր երկրի բարգավաճմանը»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան