«2016-ի ապրիլի Հայաստանն էր իրական ազգային ու համախմբված Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
126
Երեկ, 09:24
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Միասնական լինելը ոչ թե տարաձայնությունների բացակայությունն է, այլ հայրենիքի շահի գերադասումն է խմբայինից։ Պատերազմները հաղթում կամ պարտվում են նախ մայրաքաղաքներում… Ինձ հաճախ են հարցնում՝ ո՞ր Հայաստանում կուզենայի ապրել։ Ասեմ. այդպիսի Հայաստանում մենք բոլորս ապրել ենք. ապրել ենք համախմբված ու միասնական։ 2016-ի ապրիլի Հայաստանն էր իրական ազգային ու համախմբված Հայաստանը։ Այդ Հայաստանի խորհրդարանում բոլոր քաղաքական ուժերը համախմբված էին հանուն Արցախի ու մեր հաղթանակի։ Բոլորս մի կողմ դրեցինք ներքաղաքական տարաձայնությունները։ Մենք՝ իշխանություններս, բաց էինք ընդդիմության համար,բոլորս միասին էինք, բոլորը խորհրդարանում դարձել էին քույրեր և եղբայրներ, որոնք կանգնած էին իրենց ծնողի՝ ՀՀ-ի թիկունքին, պաշտպանելու իր զավակին՝ Արցախին։ Հիշում եմ, պետք է շտապ ԱԺ հայտարարություն ընդունեինք… Հայտարարության ընդունումն անիմաստ կլիներ, եթե բոլոր խմբակցությունները միասնաբար հանդես չգային։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վատառողջ էր և արտերկրում բուժում էր անցնում։ Խորհրդակցելով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ որոշեցինք հավաքվել իմ աշխատասենյակում։ Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, խմբակցության ղեկավարները, ինչպես նաև հրավիրել էինք ՊՆ և ԱԳՆ ղեկավարությանը։ Կարճ ժամանակ անց ԱԺ հայտարարության տեքստը պատրաստ էր, որը բոլորիս համատեղ աշխատանքի արդյունք էր։ Լրագրողները սպասում էին միջանցքում։ Շունչները պահած սպասում էին լուրերի։ Դուրս եկանք լրագրողների մոտ բոլորս…հարցերն ուղղեցին նախ ինձ։ Պատասխանեցի, որ մենք բոլորս մի նավի մեջ ենք ու զիջեցի հարցերին պատասխանելու իրավունքն ընդդիմությանը։ Խոսեց Լևոն Զուրաբյանն…այսօրվա նման հիշում եմ։ Ասեց ես քարը քարին չեմ թողել՝ քննադատելով Շարմազանովին ու ողջ ՀՀԿ ֆրակցիային, բայց այսօրվանից մենք բոլորս նույն խրամատում ենք։ Նույն գնահատականներն էին տալիս բոլոր ուժերը։ ԱԺ-ից բոլորս միասին այցելեցինք Մուրացանի զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու մեր հերոս զինվորներին։ Վահրամ Բաղդասարյան, Ստեփան Դեմիրճյան, Լևոն Զուրաբյան, Արտակ Զաքարյան, Միքայել Մելքումյան, Միքայել Մանուկյան, Կորյուն Նահապետյան, Մհեր Շահգելդյան, Հրայր Թովմասյան, Հովհաննես Սահակյան, Էդուարդ Շարմազանով…բոլորս միասին այցելեցինք հայ զինվորներին Մուրացանի հոսպիտալում։ Նույն օրը հոսպիտալ այցելեցին նաև ԱԺ կին պատգամավորներն՝ իրենց մայրական ջերմությունն ու օրհնանքը փոխանցելու հայ զինվորներին։ Բոլոր պատգամավորներն էին հայ զինվորի կողքին՝ առանց բացառության։ Չկար կուսակցական շահ, կար Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն ու վերջ։ Չկար ընդդիմություն ու իշխանություն։ Բարձր գնահատելով այն ժամանակվա ընդդիմության դրական դերը՝ նշեմ, որ նման կառուցողականության հասանք նախ և առաջ 2016-ի իշխանությունների ու, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի պետականամետ վարքագծի հետևանքով։ Մենք Նիկոլի նման չբաժանեցինք քաղաքական ուժերին նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների։ Դրա համար էլ հաղթեցինք։ Հաղթեցինք, քանի որ մայրաքաղաքում միասնական էինք։ Միասնական լինել, չի նշանակում քաղաքական տարաձայնություններ չունենալ։ Միասնականությունը՝ գլխավորն երկրորդականից տարբերելն է, որտեղ գլխավորը հայրենիքն է, իսկ երկրորդականը՝ քո անձնական ու կուսակցական հավակնությունները»։