«Ես չեմ կարող ընդունել ՄԻԵԴ-ի՝ իմ օգտին որոշումը և 6000 եվրո փոխհատուցումը»․ Հովհաննես Իշխանյան
93
Այսօր, 11:18
Հասարակական գործիչ, հրապարակախոս, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ հրաժարվում է ՄԻԵԴ-ում՝ իր հաղթանակից․ «Հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչների հարգելի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), 2025թ. փետրվարի 13-ին իմ օգտին որոշում եք ընդունել՝ արձանագրելով, որ 2015թ. էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ցույցերի ժամանակ խախտվել են իմ ազատության և խաղաղ հավաքների իրավունքները: Դուք կարգադրել եք Հայաստանին վճարել ինձ շուրջ 6,000 եվրո փոխհատուցում: Թեև ես գնահատում եմ դատարանի կատարած աշխատանքն ու կայացրած որոշումը, ես պետք է մերժեմ և՛ վճիռը, և՛, հետևաբար, փոխհատուցումը:
Թույլ տվեք բացատրել, թե ինչու: Երբ ներկայիս կառավարությունը 2018թ. իշխանության եկավ Հայաստանում, նրանք խոստացան պահպանել ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական արժեքները: Այդուհանդերձ, նրանց առաջին խոշոր գործողությունը դատական իշխանության անկախության համակարգային քայքայումն էր: Դատական իշխանության դեմ այս հարձակումը սկսվեց, երբ վարչապետը կոչ արեց աջակիցներին շրջափակել դատարանների շենքերը՝ փաստացի ահաբեկելով դատավորներին: Այնուհետև տեղի ունեցավ ավելի մտահոգիչ բան. շինծու քրեական գործեր էին հարուցվում այն դատավորների դեմ, որոնք համարձակվում էին իշխանության համար անբարենպաստ վճիռներ կայացնել։ Որոշ հայտնի օրինակներից են՝ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումները Դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ ահաբեկումները և կեղծ գրագողության մեղադրանքները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների դեմ հորինված մեղադրանքները Վարչապետն ինքը խախտեց դատական անկախությունը՝ Facebook-ում հրապարակավ խախտելով Սահմանադրական դատարանի նախագահ Թովմասյանի անմեղության կանխավարկածը: Խորհրդարանում և լրատվամիջոցներում ելույթ ունենալիս նա նույնիսկ դատավորներին շների հետ համեմատեց: Խորհրդարանական մանիպուլյացիաների միջոցով հեռացվեցին Սահմանադրական դատարանի երեք դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը։ Ի դեպ, վերջինս հետխորհրդային երկրների առաջին կին դատավորն էր ՄԻԵԴ-ում: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը թիրախավորվեց և ի վերջո հեռացվեց: Այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակավ մերժեց իր դեմ դատական վճիռը կատարելուց, և ոչինչ տեղի չունեցավ: Ուշագրավ է, որ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին իբրև նվիրված, Եվրոպայի հետ կապակցված 46 կազմակերպություն ողջունեց դատական իշխանության այս զավթումը: Հետևանքները ծանր են եղել. քաղաքական, հասարակական գործիչները, քաղաքապետերը, համայնքների ղեկավարները, իրավապաշտպանները և ակտիվիստները ենթարկվում են հետապնդումների, բանտարկության և խոշտանգումների: Ժողովրդավար երկիրը՝ Արցախի հանրապետությունը, ջնջվեց երկիր մոլորակի երեսից, և շուրջ 150,000 մարդ կորցրեց քաղաքացու իր իրավունքները: Կարող եք հարցնել, թե ինչ կապ ունի սա Եվրոպական դատարանի հետ: Կապը մտահոգիչ է. մինչ այս իրադարձությունները տեղի էին ունենում, եվրոպական հանրությունը ոչ միայն չդատապարտեց Հայաստանի անցումը դեպի ավտորիտարիզմ, այլ նույնիսկ գովաբանեց նրա իբր ժողովրդավարական առաջընթացը: Դիտարկեք այս վերջին զարգացումները՝ 2022թ. հունվարին ԵԽԽՎ-ն գովաբանեց Հայաստանի «ժողովրդավարական զարգացումը» 2018թ.-ից ի վեր 2024թ. հունիսին նրանք հռչակեցին Հայաստանին որպես ժողովրդավարության վերափոխման դրական օրինակ 2025թ. հունվարին նրանք շարունակեցին հավանություն տալ Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումներին» Եվրոպական առաջնորդները բոլոր մակարդակներում հավանություն տվեցին ժողովրդավարացման այս կեղծ խոսակցություններին՝ Հայաստանին կոչելով վառ օրինակ, թե ինչպես կարող է նախկին խորհրդային երկիրը վերածվել իրական ժողովրդավարության։ Եվս մի մտահոգիչ բան․ ԵԽԽՎ-ն 2025թ. հունվարին Վահե Գրիգորյանին նշանակեց ՄԻԵԴ-ի դատավոր՝ այն անձին, ով մասնակցել է Հայաստանում դատարանների անկախության քայքայմանը և ներգրավված է եղել շինծու քրեական գործեր սարքելուն, ինչպես բացահայտվել է արտահոսած ձայնագրություններում: Այս եվրոպական աջակցությունը հնարավորություն տվեց ներկայիս իշխանությանը միանձնյա հանձնել ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը ավտորիտար Ադրբեջանին։ Այժմ Արցախի ժողովրդավար առաջնորդների՝ երեք նախկին նախագահների, Ազգային ժողովի նախագահի, նախկին պետնախարարի, արտաքին գործերի նախկին նախարարի, պաշտպանության նախկին նախարարի դեմ ցուցադրական, կեղծ դատավարություններ են անում Բաքվում: Սա է պատճառը, որ ես չեմ կարող ընդունել ՄԻԵԴ-ի իմ օգտին որոշումը: Իմ մերժումը համերաշխություն է՝ Դատական անկախության սկզբունքին Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական արժեքներին այս սկզբունքները պաշտպանող դատավորներին Արցախի ժողովրդավարական պետությանը։ Հուսով եմ, որ եվրոպական հանրությունը կվերադառնա իր հիմնարար արժեքներին և կդադարի քաջալերել նրանց, ովքեր կարճաժամկետ քաղաքական շահերի համար քայքայում են դատական անկախությունը: Երբ դա տեղի ունենա, մենք կրկին կկարողանանք հարգել նրա վճիռները՝ անկախ նրանից՝ դրանք մեր օգտին են, թե ոչ»: