Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Վաշինգթոնի դիրքորոշումը պարզելը դառնում է ամենահրատապ ստրատեգիական հարցը Երևանի համար»․ Գոռ Աբրահամյան

96
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 18:18
«Վաշինգթոնի դիրքորոշումը պարզելը դառնում է ամենահրատապ ստրատեգիական հարցը Երևանի համար»․ Գոռ Աբրահամյան

ՔԿ նախագահի նախկին մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը շարունակում է Ուկրաինային ուկրաինական պատերազմի սանձազերծման մեղավոր կարգելու քարոզչահոգեբանական ճնշումը, որը ոչ այլ ինչ է, քան ռուսական նարատիվների և ռուսական պահանջների ընդունում՝ որպես բանակցությունների և ապագա կարգավորման ելակետ։
Սա նաև Ուկրաինային անվերապահ քաղաքական աջակցություն ցուցաբերող Միացյալ Եվրոպային ուղղված մեղադրանք է և ենթատեքստային հստակ ուղերձ վերջիններիս, որ ԱՄՆ-ն նախընտրում է կարգավորման գնալ Ռուսաստանի իմպերատիվ պահանջների կատարման տրամաբանությամբ։ Այդ շարքից էր նաև Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման, այսինքն՝ փաստացի Զելենսկուն «զոհաբերելու» խոսույթի էստաֆետը ՌԴ-ից վերցնելն ու զարգացնելը Թրամփի կողմից։
Նման մոտեցումն առնվազն ենթադրելու հիմք է տալիս, որ Վաշինգթոնը վարում է աշխարհում խորհրդային և հետխորհրդային ազդեցության գոտիներին վերադառնալու հիմքով և Ուկրաինան կիսելու գնով նոր համաշխարհային ստատուս քվո հաստատելու քաղաքականություն, թերևս, այն տարբերությամբ միայն, որ ՄԱԿ-ն այլևս խաղից դուրս է դրվում՝ որպես սուբյեկտ և որպես հարթակ։
ԱՄՆ-ն ոչ թե համաձայն է բազմաբևեռ աշխարհակարգին, այլև հաստատուն գնում է դրա ձևավորման ճանապարհով, թերևս, ելնելով այն սկզբունքից, որ «եթե դա այլևս անխուսափելի է, ավելի լավ է ինքս ձևավորեմ»։
Իսկ հենց այդպիսի ստատուս քվոն ԱՄՆ-ին պետք է՝ Չինաստանին նոր աշխարհակարգի ձևավորման պրոցեսից մեկուսացնելու և այլ հակամարտությունների սառեցման հասնելու միջոցով ունեցած-չունեցած ռեսուսրները բացառապես Չինաստանի դեմ կենտրոնացնելու առաջնահերթությունից ելնելով։
Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա Հարավային Կովկասում ևս վերոնշյալ տրամաբանությամբ նոր ստատուս քվո հաստատելու խնդիր է առաջանալու։ Բայց Իրանի խնդիրը կարող է ստիպել Վաշինգթոնին դեռ պահպանել այստեղ ազդեցության որոշակի լծակներ՝ ի դեմս Հայաստանի։
Այս հարցում Վաշինգթոնի տրամադրությունները և դիրքորոշումը (ուկրաինական ճգնաժամի հաղթահարման պրոցեսի կոնտեքստում) պարզելը դառնում է ամենահրատապ ստրատեգիական հարցը Երևանի համար»:

Աղբյուրը`   Գոռ Աբրահամյան