Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 փետրվարի, 2025 թ.

«USAID-ի հնարավոր փակումը մեզ համար վնասակար իրադարձություն է». Հայկ Այվազյան

117
Այսօր, 18:12
«USAID-ի հնարավոր փակումը մեզ համար վնասակար իրադարձություն է». Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ մի հարց է հետաքրքրում։
Եթե Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ԽՍՀՄ-ին պարտության մատնելու ռազմավարական նպատակից ելնելով, նացիստական Գերմանիայի իշխանությունը որոշեր, որ տակտիկական փոփոխություններով պայմանավորված Յոզեֆ Գեբելսի ղեկավարած նացիստական քարոզչամեքենայի հիմնարկը պետք է վերակազմավորել կամ վերանվանել, ապա հայերիս վերաբերմունքը նացիզմի նկատմամբ փոխվելո՞ւ էր, ԽՍՀՄ ազատագրման համար պայքարը մեզ համար դադարելո՞ւ էր հայրենական պատերազմ լինելուց։
Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այսօրվա անհասկանալի ոգևորությունը Հայաստանում՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից USAID-ի հնարավոր փակման կապակցությամբ, որը ոչ գլոբալիստներ-հակագլոբալիստներ ուժերի բախման հետևանք է, ոչ էլ նեոլիբերալ-ազգային ուժերի բախման։ Դա ընդամենը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու նպատակին ծառայող տակտիկական փոփոխություն է և ոչ ավելի։
Գլոբալիզմի և նեոլիբերալիզմի դեմ համաշխարհային պայքարի առաջնորդը ոչ թե Դոնալդ Թրամփն է, այլ Վլադիմիր Պուտինը։ Եվ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հայաստանի թռիչքաձև աճը բոլոր ոլորտներում ոչ թե ԽՍՀՄ և նացիստական Գերմանիայի միջև բալանսավորման արդյունք էր, այլ այդ պատերազմում հստակ կողմի ընտրության։
Այսօրվա պայմաններում այդ «կողմի ընտրությունը» բոլորովին չի նշանակում Ռուսաստանի հետ բարեկամություն, իսկ ԱՄՆ հետ թշնամություն։ Հայաստանը այսօրվա փոսից դուրս գալու և թռիչքաձև աճ ապահովելու հնարավորություն կստանա այն դեպքում, երբ աշխարհը դառնա երկբևեռ, երկու հավասարազոր բևեռներով՝ Ռուսաստան և ԱՄՆ։ Այդ դեպքում Հայաստանը, Ռուսաստանի բարեկամ պետության դիրքերից, կկարողանա որոշակի հարաբերություններ ունենալ նաև ԱՄՆ-ի հետ՝ առանց վերջինիս կողմից՝ որպես գործիք օգտագործվելու հնարավորության։
Այսօրվա պայմաններում, USAID-ի հնարավոր փակումը մեզ համար վնասակար իրադարձություն եմ համարում, քանի որ արտաքին քաղաքական անորոշ կողմնորոշում ունեցողների մոտ, որոնց թիվը բավականին շատ է Հայաստանում, այն բերելու է ավելի մեծ խառնաշփոթի, գաղափարական ու քաղաքական պայքարի ուղենիշների ու մոտիվացիայի կորստի և հետաբար նաև արտաքին քաղաքական սխալ հաշվարկների։ USAID-ն, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իր սև գործը արդեն արել է՝ Հայաստանը դարձել է բոլոր ոլորտներում անկում ապրող հակառուսական պետություն։ Այնպես որ մի քանի տարի ուշ կամ շուտ արդեն էական ոչինչ չի փոխում։
Հայաստանի գոյության ապագան ուղիղ ձևով կապված է Ռուսաստանի համաշխարհային երկրորդ բևեռ դառնալու և իր անձրևանոցի տակ Հայաստանի մտնելու հետ։ Այս պարագայում Հայաստանի քաղաքական ուժերի անելիքը կամ այդ պրոցեսին խանգարելը կամ օգնելը կարող է լինել»:

Աղբյուրը`   Հայկ Այվազյան