«Հայաստանը վերաիմաստավորում է իր արտաքին քաղաքականությունը՝ հիմնվելով բազմակողմանի համագործակցության վրա»․ Արման Բաբաջանյան
131
Երեկ, 02:12
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տևական ժամանակ է, որ շրջանառվում է այն տեսակետը, թե Արցախի խնդրի առկայությունը խոչընդոտ էր հանդիսանում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության ստորագրման համար։ Սակայն այս պնդումը անտեսում է Հայաստանի քաղաքականության և արտաքին հարաբերությունների իրական պատկերը, որը դրսևորվել է տասնամյակներ շարունակ։ Հայաստանի պատմությունը վկայում է, որ հենց Արցախի խնդիրը և դրա շուրջ տարվող քաղաքականությունը դարձել են երկրի արտաքին քաղաքականության միակողմանիության հիմնական պատճառներից մեկը։ Արցախյան խնդիրը երկար տարիներ Հայաստանի քաղաքական և անվտանգության համակարգի առանցքն էր։ Սակայն այդ խնդրի լուծման գործընթացում Հայաստանը հետևողականորեն իր ինքնիշխանությունը զիջում էր Ռուսաստանին՝ վստահելով, որ վերջինս կդառնա իր և Արցախի անվտանգության երաշխավորը։ Այս կախվածությունը ակնհայտ դարձավ դեռևս Մադրիդյան սկզբունքների մշակման փուլում, որոնք համատեղ մշակվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից և ստացել էին միջազգային աջակցություն։ Սակայն Հայաստանը, փոխանակ ակտիվորեն աշխատելու միջազգային հանրության հետ այս սկզբունքների իրականացման ուղղությամբ, ինքնակամ մասնակցեց ռուսական հովանու ներքո Մայենդորֆի հանդիպմանը։ Ավելին, 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԱՄՆ-ի միջնորդությամբ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները չեղարկվեցին՝ հօգուտ Ռուսաստանի նախաձեռնած Պետերբուրգյան հանդիպումների։ Նույնն էր նաև 2018 թ. հեղափոխությունից հետո, երբ երկրի ղեկավարությունը բացահայտ հայտարարում էր, որ «Ռուսաստանը չուզի՝ պատերազմ չի լինի Կովկասում», դրանով Արցախյան հարցի բեռն ամբողջությամբ դնելով Ռուսաստանի «բուռը»։ Այս կախվածության ևս մեկ վկայություն էր Հայաստանի կողմից Սիրիայում Ռուսաստանի աջակցությամբ իրականացվող հումանիտար առաքելությունը, որը ուղղակիորեն հակասում էր ԱՄՆ-ի և Արևմուտքի շահերին։ Այսպիսով, նման պայմաններում անհնար էր պատկերացնել հայ-ամերիկյան որևէ ռազմավարական գործընկերության զարգացում։ Հայաստանը, իր արտաքին քաղաքականությունն ուղղելով բացառապես դեպի Ռուսաստան, կորցրել էր Արևմուտքի վստահությունն ու աջակցությունը։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափումը դարձավ ճակատագրական իրադարձություն, որն այլևս վերջնականապես փակեց Արցախի հարցը որպես քաղաքական և դիվանագիտական գործոն։ Սա ոչ միայն ապացուցեց Ռուսաստանի բացահայտ դավաճանությունը Հայաստանի և Արցախի հանդեպ, այլև ցույց տվեց, որ Հայաստանը տարիներ շարունակ որդեգրել էր սխալ ռազմավարություն։ Արցախի կորստից հետո ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը և Ադրբեջանը տարածաշրջանում իրենց շահերի շրջանակում վերջնականապես «լուծել» են Արցախի հարցը՝ Հայաստանը դնելով աննպաստ իրավիճակում։ Այնուամենայնիվ, Արցախի կորստից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ սկսվեց շրջադարձային փուլ։ Հայկական կողմը վերջապես գիտակցեց, որ Ռուսաստանի վրա հիմնված անվտանգության համակարգը լիովին ձախողվել է։ Արդյունքում, Հայաստանը ձեռնամուխ եղավ ինտենսիվորեն բացվել աշխարհին, վերագնահատել իր դիվանագիտական ուղիներն ու նոր գործընկերներ գտնել՝ առաջնային դարձնելով իրական ռազմավարական դաշինքների կառուցումը։ Այս համատեքստում հնարավոր դարձավ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության ստորագրումը, ինչը ցույց տվեց, որ Հայաստանը վերաիմաստավորում է իր արտաքին քաղաքականությունը՝ հիմնվելով բազմակողմանի համագործակցության վրա։ Այսպիսով, Արցախի կորստից հետո Հայաստանին այլընտրանք չէր մնացել։ Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հիմքում ընկած են փոխադարձ շահերի, համատեղ ծրագրերի և դաշնակցային նոր որակի հարաբերությունների հաստատման տեսլականը, որն այսօր դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղենիշներից մեկը։