Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.

«Ես՝ որպես Հայոց Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, պահանջում եմ քրեականացնել դրա ժխտումը». Էդուարդ Աբրահամյան

124
Երեկ, 22:36
«Ես՝ որպես Հայոց Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, պահանջում եմ քրեականացնել դրա ժխտումը». Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը՝ սփյուռքի ներկայացուցիչների և տեսախցիկների առջև հայտարարելով. «Մենք Հայոց Ցեղասպանությանն էլ պետքա վերադառնանք։ Մենք պետք ա հասկանանք, թե ի՞նչ ա տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նց ա եղել, որ 1939 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց ա որ 1950 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ հայտնվել ա»:
Սա հայոց մեջ Հայոց Ցեղասպանության փաստը, (և հետևաբար Օսմանական Թուրքիայի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործության փաստը) կասկածի տակ առնելու, խնդիրը բարոյական տեսանկյունից բացասականորեն քննելու, հանրության մեջ դրա արմատները գցելու, բարոյական նշաձողը հանելու, կատարվածի համար մեղքը բացի գլխավոր հանցագործից այլոց, այդ թվում զոհի վրա գցելու, և ժխտողականության ճանապարհով տանելու փորձ է տվյալ ՀՀ քաղաքացու և ՀՀ երկրի ղեկավար հանդես եկող անձնավորության կողմից։ Նրանք, ովքեր այսքանից հետո նստելու են այս անձնավորության առջև և խելոք լսելու ու չեն կանխելու համապատասխան լեզվաշարժությունները՝ ուրեմն բարոյականության ու արժանապատվության լրջագույն խնդիր ունեն։
Հիշեցնեմ, որ Իսրայելում Հոլոքոսթի փաստի շուրջ նման ձևակերպումները օրենքով քրեորեն պատժելի են։ Դա հայտնի The Israel Denial of Holocaust (Prohibition) Law 5746-1986 օրենքն է։ Հայոց Ցեղասպանության փաստի բացահայտ ժխտման կամ փաստի ժխտողականության տարրեր պարունակող հայտարարությունների, հրապարակումների կամ իբր «քննադատական մտածելակերպի արտահայտման» սոուսի տակ ներկայացվող մարդկության դեմ հանցագործության ազգային և միջազգային ընկալման դեմ նման դեստրուկտիվ տենդենցները պիտի ոչ միայն համարվեն անբարոյականության դրսևորում, այլ նաև քրեորեն պատժելի լինեն Հայաստանի Հանրապետությունում։ Համարվեն մարդկության դեմ հանցագործության արդարացման փորձ կամ հանցակցություն։
Ուստի ես՝ Հայոց Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, ՀՀ քաղաքացի Էդուարդ Աբրահամյանս, պահանջում եմ նմանատիպ memory law-ին համապատասխան օրենքի ընդունում ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներից։ Ուրախ կլինեմ, եթե ինձ միանան այլ քաղաքացիներ ևս իսկ մամուլի ներկայացուցիչները և քաղաքական գործիչները բարձրացնեն այս հարցը օրենսդիր մարմնի ներկայացուցիչների առջև»։