«Ցեղասպանության փաստը ժխտելու և ուրանալու փաշինյանական քաղաքականությունը նոր չէ». Գառնիկ Դանիելյան
98
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 15:30
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը. «Ցեղասպանության փաստը ժխտելու և ուրանալու փաշինյանական քաղաքականությունը նոր չէ Հանրության արդարացի զայրույթն է առաջացրել Փաշինյանի կողմից վերջին օրերին շվեյցարահայ համայնքի ներկայությամբ արված հայտարարությունն առ այն, որ դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին այդ օրակարգը հայտնվել է: Կրթություն ստացած յուրաքանչյուր անձ տեղյակ է, «Ցեղասպանություն» տերմինը 1944թ. առաջին անգամ շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Հետևաբար, բնական է, որ թեև մինչ 1939 թվականը խոսվել, վկայվել է ցեղասպանության մասին, բայց չի կիրառվել այդ տերմինը։ Հիշեցնեմ նաև, որ դեռևս 2024 թվականի մայիսին Լեմկինի ինստիտուտը հայտարարություն էր տարածել՝ ահազանգելով, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը պաշտոնական ոգեկոչման հայտարարության մեջ արել է այնպիսի արտահայտություններ, որոնցով կասկածի տակ է դրել Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանատվությունը ցեղասպանության ոճրագործության համար։ Լեմկինի ինստիտուտը նշել էր, որ Փաշինյանի խոսքերն ուղղակիորեն կրկնում են թուրքական պաշտոնական տեսակետը հայ ժողովրդի՝ որպես ապստամբ «դավաճանների», որոնք համագործակցել են թշնամական եվրոպական տերությունների հետ՝ հանգեցնելու Օսմանյան կայսրության փլուզմանը։ Ի դեպ, թշնամական նարատիվները տարածող խոսույթ պարբերաբեր հանդիպում ենք ոչ միայն Փաշինյանի, այլ ՔՊ-ական պատգամավորների մոտ։ Այսինքն, այսպիսի հայտարարությունները պատահական չեն արվում և սրանց որդեգրած քաղաքականության արդյունքն են։ Այս ամենը փաստում է մի բանի մասին. գործող իշխանությունները որոշել են բավարարել թուրքական կողմի պահանջն առ այն, որ Հայկական հարցն ու Հայ դատի պայքարը դուրս գան մեր օրակարգից։ Այլևս անհանուրժելի է վարչակարգի ղեկավարի կողմից նման վտանգավոր խոսույթների հանդեպ հանդուրժողականությունը, ինչպես նաև՝ նրան ունկնդրողների լռությունն ու հանդուրժողականությունը։ Վստահ եմ, որ տվյալ անձը փորձում է ստուգել հանրային տրամադրությունները։ Այսպիսի պահվածքը պետք է արժանանա համապատասխան արձագանքի և գնահատականի տարբեր մասնագիտական շրջանակների կողմից։ Շուշիի գրավումից հետո, շքերթի ժամանակ Էրդողանն ասաց, որ Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, որպեսզի ոճրագործների հոգին փառավորվի։ Ցավոք, հասել ենք մի իրավիճակի, երբ պատմական փաստը կասկածի տակ է դնում երկրի ղեկավարը։ Ընդ որում, կասկածի տակ է դնում մի երկրում, որտեղ դրա ժխտումը քրեականացված է։ Այլևս ակնհայտ է, որ այս մարդու համար չկա ոչ մի արժեք և սրբություն․ ատելությունը սեփական պատմության և ժողովրդի նկատմամբ հասել է իր գագաթնակետին։ Իրավական պետության պարագայում այսպիսի հայտարարություններից հետո սույն անձին պետք է հագցնեին ձեռնաշղթեր՝ մարդկության պատմության մեջ ամենամեծ ոճրագործություններից մեկը հերքելու նարատիվներ տարածելու համար»: