«Մարդը չի կարող դատապարտվել իր հայրենիքը պաշտպանելու համար». Դավիթ Մանուկյան
70
Այսօր, 00:36
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդը չի կարող դատապարտվել իր հայրենիքը պաշտպանելու համար: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, նրա կազմում գտնվող բոլոր երկրները հայտարարեցին իրենց անկախության մասին, այդ թվում Լեռնային Ղարաբաղը, որն ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։ Ղարաբաղն ուներ նույն իրավունքներն ու օրինական հիմքերն իր ապագան որոշելու, ինչ նախկին ԽՍՀՄ կազմում գտնվող ցանկացած պետություն։ 1992 թվականին ձևավորվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության միջազգային հանրության կողմից արձանագրելով Արցախի Հանրապետության գոյության իրավունքը՝ ստանձնելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը։ Մինսկի խմբի համանախագահող երկրները իրենց վրա են վերցնում Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման առաքելությունը, ստանձնելով պատասխանատվություն, թույլ չտալու նոր պատերազմի վերսկսումը, սակայն 2020 թվականին Ադրբեջանն առհամարելով միջազգային հանրությանը և առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ հարձակվեց Արցախի Հանրապետության վրա։ Հարձակվելով Արցախի վրա, հալածելով և իրենց հայրենիքից վտարելով ողջ բնակչությանը, գերեվարելով բազմաթիվ հայերի՝ Ալիևը, ոչ միայն թքեց Մինսկի խմբի համանախագահող երկրների, այլև միջազգային բոլոր օրենքների, հռչակագրերի, նորմերի և իրավունքների վրա։ Ալիևը, լինելով պատերազմական հանցագործ, այսօր խոշտանգման է ենթարկում մարդկանց, ովքեր պաշտպանել են իրենց հայրենիքը, իրենց տունն ու ընտանիքը։ Միջազգային հանրությունը և առաջին հերթին այն երեք երկրները, ովքեր ստանձնել էին Արցախյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունը, պարտավոր են գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի համար։ Կոչ եմ անում Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարություններին՝ կատարել իրենց ստանձնած առաքելությունը։ Ժամանակն է բռնել ադրբեջանական բռնապետի արյունոտ ձեռքը։ Հ.Գ. Այս ամենը կարող է լսելի դառնալ, եթե սրա մասին խոսի և պահանջի Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։