Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ.

«Եթե ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն չցանկանային, Բաքվում հայերի խայտառակ դատավարություն չէր լինի»․ Արմեն Այվազյան

117
Այսօր, 15:30
«Եթե ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն չցանկանային, Բաքվում հայերի խայտառակ դատավարություն չէր լինի»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն չցանկանային, ապա Բաքվում այսօր հայերի խայտառակ դատավարություն չէր լինի։ Պետք է վերանալ անձերից ու հասկանալ, որ Բաքվում դատում են ոչ թե առանձին հայ գործիչների (որոնցից ոմանք արժանի են ազգային դատարանի առջև կանգնելու), այլ՝
• անկախ, կենսունակ ու անվտանգ պետականություն ունենալու համար հայոց մղած դարավոր պայքարը,
• ցեղասպաններին դիմադրելու՝ իրենց կյանքը, գույքը և հայրենի հողը պաշտպանելու հայոց իրավունքը,
• հայոց ազատասիրությունն ու գաղութարարների լծից ազատագրվելու փորձերը,
• պատմական և իրավական արդարությունն ու միջազգային արդարադատությունը։
Եվ ընդհակառակը, Բաքվի դատավարությունը պաշտպանում է հայատյացությունն ու ֆաշիզմը՝ ի լուր աշխարհի ազդարարելով ցեղասպանական նոր դարաշրջանի հաղթարշավը, որը սկսվել է Արցախի հայաթափումով ու շարունակվում է Գազայում պաղեստինցիների ամենօրյա ջարդերով։
ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐՆԵՐՆ ԵՆ ԴԱՏՈՒՄ ԱՆՀՆԱԶԱՆԴ ՀԱՅԵՐԻՆ, ՈՉ ԹԵ ԲԱՔՎԻ ԲՌՆԱՊԵՏԻԿԸ։ Մոսկվայից կամ Վաշինգտոնից մեկ զանգը բավարար կլիներ, որպեսզի Ի. Ալիևն անմիջապես հայ պատանդներին Հայաստան վերադարձնի։ Եվ բոլորովին պատահական չէ, որ այդ զանգերը չեն արվել։
Բանն այն է, որ Հայաստանի գոյությունն անկախ պետության կարգավիճակով, թեկուզ ներկայիս սեղմված սահմաններում ձեռնտու չէ գլոբալիստներին։ Ազգային ամուր ինքնություններն ու մշակույթները նրանց թշնամիներն են։ Իսկ հայ ազգն այն ամենի խտացումն է, ինչի դեմ գլոբալիստները գիշերուզօր պայքարում են։ Ազգային լեզու, մեծ ու մաքառումներով հարուստ պատմություն, ազգային եկեղեցի, ազգային հին և բազմաժանր մշակույթ (գրականություն, երաժշտություն, ճարտարապետություն, իրավունք, ավանդույթներ), արդարության և ազատության համար հազարամյա պայքար՝ սա է, որ չեն հանդուրժում կայսրություններն ու գլոբալիստները։
Ահա և Բաքվի դատավարության ողջ իմաստը, որը մեզանում հակված են դիտել նեղ, տարածաշրջանային հայացքով։ Հանձնվելո՞ւ են արդյոք հայերը, թուրքանալո՞ւ են, ինչպես ծրագրված է համաշխարհային քաղաքականության կենտրոններում, թե՞ շարունակելու են իրենց պայքարը։ Դրանում է, որ վստահ չեն ոչ թուրքերը, ոչ էլ նրանց թիկունքին կանգնած գլոբալիստները։
Իսկ մենք վստահ ենք. հայոց պայքարը չի դադարելու, թշնամիները կործանվելու են, արդարությունը հաղթանակելու է»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան