«Երկրի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում»․ Լևոն Զուրաբյան
79
Այսօր, 09:42
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի գրառումները FB-ում գնալով վերածվում են բառիս բուն իմաստով զառանցանքի։ Սա արդեն «գիտակցության հոսք» էլ չես անվանի, ավելի շուտ՝ «գիտակցության լուծ»։ Որպեսզի համոզվեք, որ խոսքս մերկապարանոց չէ, ուղղակի ամբողջությամբ մեջբերեմ իր վերջին ստատուսներից մեկը. «Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն. ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան... բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետև... գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետև... դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետև... ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը: զ) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան... է) Армяне всего мира, гуляют так красиво...» Մինչ այս գլուխգործոցը գրելը վերջին օրերին Փաշինյանը փորձում էր փայլատակել աֆորիզմներ հորինելու ասպարեզում, որոնք, լինելով տարբեր հասկացությունները մեկ նախադասության մեջ կապելու դիլետանտի ճգնանք, եթե մի բանով աչքի են ընկնում, ապա անսահման տափակությամբ և իմաստի կատարյալ բացակայությամբ։ Ինչպես կասեր իմ ընկեր Արման Գրիգորյանը, մեջբերելով հռչակավոր ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիին, նրա ասածներն «այնքան անհեթեթ են, որ անգամ սխալ էլ չեն»։ Ֆերմին նկատի ուներ, որ որևէ ասած բան, թեկուզև սխալ որակվելու համար, սկզբից պետք է միտք դառնա։ Փիլիսոփայական գանձի հավակնություն ունեցող Փաշինյանի այս վերջին բառակույտերը միտք դառնալու քննությունն անգամ չեն անցնում։ Այս ամենը սակայն այսքան ողբերգալի չէր լինի, եթե մեր ամբողջ ազգին չահազանգեր այն մասին, որ երկրի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում։ Հիմա արդեն հասկանալի է, որ այսպիսի խառնաշփոթ ունենալով ուղեղում, Փաշինյանն ուղղակի ադեկվատ չի ընկալում աշխարհը և, մասնավորապես, Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, մեր երկրի գլխին կուտակված ճակատագրական մարտահրավերները։ Ինչն էլ հենց դարձել է մեզ բաժին հասած բոլոր աղետների պատճառը և դեռ նորանոր աղետներ բերելու վտանգ ունի։ Նիկոլ Փաշինյանն ինքը, իր փոդքաստի գործընկերուհին և ամբողջ իշխանական պրոպագանդան այսօր փորձում են մեզ համոզել, որ Հայաստանը ոչնչացնելու և Սյունիքը ուժով գրավելու Ալիևի աներկբա սպառնալիքները ընդամենը իրողությունները ոչ ադեկվատ ըմբռնող մարդու բարբաջանքներ են, մինչդեռ մեր պանծալի իշխանությունը, որն ավելի իրատես է, շարունակում է վստահորեն կառուցել խաղաղություն եւ հաշտություն Ադրբեջանի հետ։ Չգիտես ինչու, սակայն՝ ինչքան շատ ենք «կառուցում» այդ խաղաղությունը, այնքան ավելի ու ավելի շատ կորուստներ ենք ունենում և այնքան ավելի ագրեսիվ է դառնում Ալիևը։ Ես մեր հանրությանը առաջարկում են համեմատել 2018 թվականից ի վեր Փաշինյանի և Ալիևի ասածները և իրողությունների գնահատականները և որոշել թե էդ երկուսից ով է ավելի ոչ ադեկվատ։ Եթե այնուամենայնիվ դա Նիկոլն է, ապա ո՞րն են մեր պետության մեջ գործող իրավական մեխանիզմները, որոնք թույլ են տալիս կառավարման համար անհրաժեշտ ընկալունակություն չունեցող ղեկավարին ազատել պարտականությունների կատարումից»։