Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ.

ՀՀԽ-ն՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամի մասին

133
Երեկ, 15:30
ՀՀԽ-ն՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամի մասին

Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին՝ ներկայացնելով հետևյալ պարզաբանումը. «Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, այդ թվում մտքի, խղճի և կրոնի ազատությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով, որի համաձայն պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը, հաստատելով, որ գործնականում Հանրային հեռարձակողի խորհուրդը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջն իրականացնում է երկու հանրային («Առաջին ալիք» և հոգևոր-մշակութային «Շողակաթ») հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի՝ բազմազանությունն ապահովող տեսալսողական ծրագրերի միջոցով, կարևորելով հանրային հեռարձակողների անկախությունը ինչպես պետական, այնպես էլ կրոնական, առևտրային և այլ կազմակերպություններից և ազդեցիկ անհատներից, վերահաստատելով հանրային հեռարձակողների իրավունքը՝ ինքնուրույն վարելու խմբագրական քաղաքականություն և որոշելու հանրության տեղեկատվական կարիքներն ու լսարանի նախասիրությունները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), այդ թվում նաև հեռարձակման ամենադիտելի եթերաժամը որոշելու հարցում,

հավաստիանալով, որ Հանրային «Առաջին ալիք», հանրային հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոընկերությունը ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերը որոշելիս առաջնորդվել են յուրաքանչյուրն իր ծրագրային բազմազանությամբ ձևավորված լսարանի նախասիրություններով, ինչպես նաև պահպանել են կարևոր իրադարձության և պաշտոնական հաղորդագրության համար նախատեսված օրենսդրական կարգավորումները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է, որ հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք»: