Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ.

«Կա՛մ Փաշինյանը գործակալ է, կա՛մ իրեն խաբել են»․ Արթուր Խաչիկյան

330
Այսօր, 00:06
«Կա՛մ Փաշինյանը գործակալ է, կա՛մ իրեն խաբել են»․ Արթուր Խաչիկյան

«Իշխող խումբը հայտնվել է փակուղում, տապալել են արտաքին քաղաքականությունը, այլևս որևէ ելք չունեն»,- «168ժամ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Արևմուտքն իրենց խաբեց, ինչպես մենք զգուշացնում էինք, Ռուսաստանի հետ մեզ կռվeցրեցին, և ոչ մի բան նա Արևմուտքից չստացավ: Տեսնելով՝ ինչ է կատարվում Սիրիայում, հասկանալով՝ հաջորդը մենք ենք, նայելով, թե ինչպես են արդեն սկսել ջարդել քրդերին, և մեզ զգուշացնում են, որ նույն ձևով կվարվեն մեզ հետ, հաջորդը «Զանգեզուրի միջանցքն» է, տեսնելով, որ նրանք փակուղում են, ասելու բան չունեն, մեզ տապալեցին, որպես պետություն կոտրեցին, և հիմա եթե տղամարդկություն և արժանապատվություն ունենային, կընդունեին իրենց մեղքը: Բայց դրա փոխարեն՝ շատ ավելի հեշտ է զբաղվել ռեալիթի շոուներով և մեղավորներ փնտրել, ուրիշի վրա այդ մեղքը գցել»,- նշեց Խաչիկյանը։

Քաղաքագետը հարցեր հնչեցրեց․ «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նախկինում չէր ասում, թե Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչել: Եթե Արցախը զիջած էր Ադրբեջանին, 35 տարի ինչի՞ շուրջ էին բանակցում։ Ինչո՞ւ էր նա ասում՝ իմ կետից կսկսեմ բանակցել: Ինչո՞ւ էր ասում՝ Արցախը Հայաստան է, և վերջ, 2020թ. պատերազմն ինչո՞ւ տեղի ունեցավ: 5000 տղա ինչի՞ համար մահացավ, ինչո՞ւ էր ասում՝ սա մեր նոր Սարդարապատն է․․․ Շատ օրինակներ կան: Ամենակարևորը՝ ինչի՞ մասին էր Պրահայի հանդիպումը, նա ինչո՞ւ գնաց Պրահա, ի՞նչ էին քննարկում, լայն ինքնավարությո՞ւն: Ո՞ւր է այդ ինքնավարությունը, ստացա՞նք»։

«Ակնհայտ է, որ սա այս մարդու ոճն է՝ անընդհատ նոր արդարացումներ է մտածում իր համար, քանի որ տեսնում է, որ շատ ծանր վիճակում ենք։ Կա՛մ ինքը գործակալ է, կատարում էր Թուրքիայի և Արևմուտքի կամքը՝ ազատվել Ղարաբաղից, որպեսզի ազատվենք Ռուսաստանից, որ լավ ապրենք, կա՛մ իրեն խաբեցին»,- ընդգծեց Խաչիկյանը:

«Կա՛մ Փաշինյանը գործակալ է, կատարում էր Թուրքիայի և Արևմուտքի կամքը, կա՛մ իրեն խաբել են»․ Արթուր Խաչիկյան