Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ.

«Բաքվում ավարտվել է ստեղծագործական-քարոզչական նախապատրաստությունը»․ Տիգրան Աբրահամյան

69
Այսօր, 09:54
«Բաքվում ավարտվել է ստեղծագործական-քարոզչական նախապատրաստությունը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ Բաքվում ավարտվել է ստեղծագործական-քարոզչական նախապատրաստությունը և առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում:
Բաքվի բանտերում գտնվող հայերը՝ որևէ մեկին ոչ հայտնի անուններից մինչև նախագահներ Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյան, այս պահին գտնվում են ապօրինի գերեվարման մեջ այն պատճառով, որ շատ էին սիրում իրենց հայրենիքը և իրենց ողջ կյանքը նվիրել են Արցախի պետականության կերտմանը, դրա ամրապնդմանն ու հայության շահերի պաշտպանությանը:
Գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը մի ամբողջ կյանք անցել են կյանքի ու մահի ճանապարհով՝ որպես առաքելություն մտքում և սրտում ունենալով հայրենիքի պաշտպանությունը:
Դավիթ Իշխանյանը կամավորականից, մանկավարժից մինչև պետական գործիչ՝ իր պարտքն է համարել, անձնական նվիրվածությամբ և հոգատարությամբ ծառայել արցախցուն ու Արցախին:
Դավիթ Բաբայանը բազում պատվիրակություններ ընդունել-ճանապարհով երբեք չի մտածել, որ մի օր Արցախը կլինի օկուպացված, իսկ հայի ազգանուն ունեցող անձինք հպարտությամբ կազդարարեն իր հայրենիքի ադրբեջանական լինելու մասին:
Ռուբեն Վարդանյանն էլ Արցախ տեղափոխվելիս, նույնիսկ իր ամենավատ երազներում, Արցախն այսպիսի կապանքներում չէր պատկերացնում:
Արայիկ Հարությունյանին հարցնելու, ասելու շատ բան կա, բայց ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով և նրա հետ կապված ցանկացած տեսարան նորմալ հայի համար չի կարող հաճելի լինել:
Ազատությու՛ն Բաքվի բանտում գտնվող բոլոր հայերին»: