«Ասադը միամտորեն վստահում էր Էրդողանին, մինչև որ թիկունքից դաշունահարվեց». Հարութ Սասունյան
«Քալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հրապարակումը. «Ասադը միամտորեն վստահում էր Էրդողանին, մինչև որ թիկունքից դաշունահարվեց Մինչև 2011 թվականի սիրիական քաղաքացիական պատերազմը, Սիրիան և Թուրքիան երկար տարիներ շատ սերտ հարաբերություններ են ունեցել։ Փոխադարձ այցելությունների շարքում նախագահ Բաշար ալ-Ասադը 2004 թվականին պատմական այց կատարեց Անկարա․ նա Սիրիայի առաջին նախագահն էր, որ այցելեց Թուրքիա: Այնուհետև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելեց Դամասկոս՝ ստորագրելու ազատ առևտրի համաձայնագիրը։ 2007 թվականին Էրդողանը և Ասադը մասնակցեցին Հալեպի միջազգային մարզադաշտի բացման արարողությանը։ Առևտուրը ծաղկում էր վիզային ռեժիմի բացակայության պայմաններում: 2008 թվականին Էրդողանը կնոջ հետ հյուրընկալեց սիրիացի առաջին զույգին՝ թուրքական Բոդրում առողջարանային քաղաքում հանգստանալու համար։ 2009 թվականին երկու երկրները համատեղ զորավարժություններ անցկացրեցին իրենց ընդհանուր սահմանի երկայնքով: Ինձ ասացին, որ նախագահ Ասադը, իր «թուրք դաշնակցին» գոհացնելու համար, նույնիսկ արգելել էր Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքը Սիրիայի գրախանութներում: 2008 թվականին, երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների այս ժամակահատվածանում, Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Դամասկոսում հանդիպել է նախագահ Ասադին։ Կաթողիկոսը հետո ինձ ասաց, որ նախագահ Ասադն իրեն ասել է՝ հայերը մեծ սխալ են գործում՝ հանդես գալով ընդդեմ Թուրքիայի և անընդհատ խոսելով Հայոց ցեղասպանության մասին։ Ասադն ասել է, որ հայերը պետք է մոռանան անցյալը և լավ հարաբերություններ հաստատեն Թուրքիայի հետ, որը նկարագրել է որպես հզոր և կարևոր երկիր։ Նա համարել է, որ Հայաստանի տնտեսությունը մեծ օգուտ կքաղի Թուրքիայի հետ առևտրից։ Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ և ողջ կյանքի ընթացքում այդ զանգվածային հանցագործության զոհերի համար արդարության ջատագով, ես շատ վշտացա՝ լսելով նախագահ Ասադի սարսափելի խորհուրդը Արամ Ա-ին: Նկատի ունենալով այս զրույցը, երբ 2009 թվականի հունիսի սկզբին հնարավորություն ունեցա մեկնել Դամասկոս, խնդրեցի նախագահ Ասադի հետ մտերիմ մի հայ ընկերոջ՝ հանդիպում կազմակերպել ինձ համար նախագահի հետ։ Դամասկոս հասնելուց հետո ընկերս զանգահարեց նախագահական նստավայր՝ հանդիպումը հաստատելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը ընկերոջս ասաց, որ մենակ գա պալատ՝ խոսելու այդ հանդիպման մասին։ Մեկ ժամ անց ընկերս վերադարձավ պալատից և վհատված ձայնով ասաց, որ հանդիպումը չի կայանա, քանի որ աշխատակազմի ղեկավարն ստուգել էր իմ անունը գուգլ որոնմամբ և պարզել, որ ես հարյուրավոր քննադատական հոդվածներ եմ գրել Թուրքիայի և Հայոց ցեղասպանության մասին։ Ուստի նա ընկերոջս հայտնել է, որ ինձ նման հակաթուրքական հայացքների տեր մարդու հանդիպումը նախագահ Ասադի հետ անհնարին է՝ Սիրիայի և Թուրքիայի բարեկամական հարաբերությունների պատճառով։ Բնականաբար, ես շատ հիասթափված էի։ Պատճառը, որ ցանկանում էի հանդիպել նախագահ Ասադի հետ այն էր, որ նրան ասեի՝ սխալ էր ոչ միայն հայերին ուղղված իր խորհուրդը, այլև ինքն անձամբ մեծ սխալ էր գործում՝ վստահելով նախագահ Էրդողանին։ Ես ուզում էի ասել նախագահ Ասադին, որ հայերը շատ լավ գիտեն թուրք ղեկավարների խարդախ բնավորությունը՝ հաշվի առնելով ցեղասպանությունը, որից տառապել է հայ ժողովուրդը: Ուզում էի նաև նախազգուշացնել նախագահ Ասադին, որ կգա այն օրը, երբ իր «լավ ընկեր» Էրդողանը կդավաճանի իրեն և թիկունքից կդաշունահարի։ 2009 թվականին ես չէի կարող իմանալ, որ երկու տարի անց Սիրիայում մեծ քաղաքացիական պատերազմ էր տեղի ունենալու Էրդողանի լիակատար աջակցությամբ: Ես վստահ չէի, որ եթե նույնիսկ հնարավորություն ունենայի հանդիպել նախագահ Ասադին և զգուշացնել նրան, նա կլսեր ինձ։ Բայց անկախ դրանից, ես ուզում էի նրան ասել այն ամենը, ինչ մտածում էի։ Հետագայում լսեցի, որ նախագահ Ասադն իրեն հանդիպած մյուս հայերին ևս ասել էր, որ նրանք պետք է բարեկամ լինեն թուրքերի և Թուրքիայի հետ։ Ասադը մասնավորապես քննադատել էր հայերին՝ ապրիլի 24-ին Թուրքիայի դրոշն այրելու համար։ Դամասկոս կատարած իմ այցելությունից հետո նախագահ Ասադը այցելեց Հայաստան 2009 թվականի հունիսի 17-18-ին և նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկեց միջնորդ լինել Հայաստանի և Թուրքիայի միջև՝ երկու երկրների հետ Սիրիայի ունեցած «սերտ հարաբերությունների» պատճառով։ Այնուամենայնիվ, Ասադն արարողակարգային այց չկատարեց Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչն անում են բոլոր օտարերկրյա ղեկավարները՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղկեպսակ դնելու համար։ Սա ևս մեկ օրինակ էր նախագահ Ասադի՝ Թուրքիային չվրդովեցնելու չափազանց զգայունության մասին։ Ասադը նաև բացատրել էր, որ Թուրքիայի հանդեպ տածած հարգանքից ելնելով Սիրիան չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Անցյալ շաբաթ նախկին պատգամավոր և 2009 թվականին նախագահ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ երբ նախագահ Ասադը ոգևորված խոսել է Էրդողանի հետ իր «հոյակապ հարաբերությունների» մասին, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Դուք թուրքերին լավ չեք ճանաչում։ Կգա ժամանակը, և արդյունքով կդատենք»։ Սա նման է այն ուղերձին, որը ես ուզում էի փոխանցել նախագահ Ասադին Դամասկոսում։ Ավելի հետաքրքիր է, որ 2014 թվականի մարտին, Սիրիայի վրա Թուրքիայի կողմից կազմակերպված մի քանի տարի շարունակվող հարձակումներից հետո, երբ Ֆարմանյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Սիրիայում էր և հանդիպել էր նախագահ Ասադին, նա խնդրել էր Ֆարմանյանին նախագահ Սարգսյանին փոխանցել հետևյալ ուղերձը. «Ես շատ լավ եմ հիշում երևանյան մեր առանձնազրույցը [նախագահ Սերժ Սարգսյանի հետ]»։ Այնուհետև Ասադը հավելեց․ «Նախագահ Սարգսյանը ճիշտ էր. մենք թուրքերին լավ չէինք ճանաչում»: Անշուշտ, 2014-ին շատ ուշ էր նախագահ Ասադի համար գիտակցել, որ չպետք է վստահեր Էրդողանին։ Այդ մեծ սխալը նրա վերջնական տապալման հիմնական պատճառներից մեկն էր»: Աղբյուրը` ՀՅԴ |
«Հիմարություններ ասողներն են Հայաստանը ղեկավարում, որ երկիրն էս օրին է»․ Ոսկան Սարգսյան
2702:06«Վիճակն այն աստիճան ծանր է, որ իշխանությունն ամբողջությամբ լվացել է ձեռքերը»». Նորիկ Նորիկյան
4601:12«Ինչու ԵՊՀ 14000 ուսանողի և 1500 դասախոսի դարձրեցիք կեղծ արշավի մասնակից»․ Մենուա Սողոմոնյան
7400:00«Պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա». ՀՀ ՊՆ
61Երեկ, 23:36«ԵՄ չինովնիկները երկակի ստանդարտներով նսեմացնում են Եվրոպայի քաղաքակրթական արժեքը»․ Դավիթ Խաժակյան
58Երեկ, 23:24Հակոբ Ասլանյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
68Երեկ, 23:19