«Իրատեսական ճանապարհը՝ օրակարգ, համախմբում, կրթություն». Հովհաննես Ավետիսյան
62
Այսօր, 03:12
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրերս տեսա՝ մարդիկ կոչ են անում պահանջել այս իշխանությունից, որ զբաղվի Ռ. Վարդանյանին հետ բերելու գործով: Լո՞ւրջ: Դեռ պարզ չէ փաստորեն շատերին, թե ինչի հետ գործ ունեք: Դեռ պարզ չէ, փաստորեն, որ այս իշխանությունը չի սպասարկում հայերի և հայկական պետության օրակարգը և մտածում եք սրանցից որևէ բան պահանջե՞լ: Համոզված ասում եմ բոլորիդ՝ եթե ուզում եք Ռ.Վարդանյանին և մնացյալ հայ գերիներին պատվով հետ բերել, ապա պետք է անել հետևյալը: - Իշխանափոխություն. Բերել իշխանության հայկական շահերը գիտակցող և դրանց ծառայող մարդկանց: - Իրավունքի պայքար. Միջազգային իրավունքի դաշտում մեր՝ հայերիս իրավունքների, մասնավորապես արցախցիների իրավունքների համար լայնածավալ պայքարի պրոցես: - Տնտեսություն և պետական համակարգ. Իրավունքի պայքարն առաջ մղելուն զուգահեռ իրականացնել տնտեսության և պետական համակարգի վերակառուցում՝ պատրաստելով մարտահրավերներ և ճգնաժամեր դիմակայելուն: Սրա համար տարիներով կուտակած փորձ և գիտելիք ունենք: - Բանակ. Զուգահեռ վերոնշյալին՝ բանակի վերակառուցում և վերազինում, աշխարհազորի համակարգի ներդնում: Այս ամենը անելուց հետո կհասնենք մի վիճակի, երբ Ադրբեջանը չի կարողանա մեզ մերժել մեր գերիների վերադարձի պահանջը, և նաև չի կարողանա մերժել հայերի Արցախ վերադարձի պահանջը: Այս ամենի համար մեզանից կպահանջվի կամք, համախմբում և 3-5 տարի ժամանակ: Ես ավելի կարճ ճանապարհ չգիտեմ՝ ոչ միայն մեր գերիներին հետ բերելու, այլև կանխելու մեր պետության և դրա տարածքների շարունակական կորուստները և ապահովելու հայերի վերադարձը դեպի Արցախ: Այո՛, սրանք ուղղակիորեն փոխկապակցված խնդիրներ են: Սա է միակ իրատեսական ճանապարհը՝ օրակարգ, համախմբում, կրթություն և օր ու գիշեր աշխատանք: Վարդանյանների ընտանիքին խորհուրդս է՝ Ռուբենին հետ բերելու երկար, բայց ամենահաստատուն և ճշմարիտ ճանապարհը սա է: Մեկ այլ ճանապարհ է՝ ներգրավել ձեր պահանջը սպասարկող ինչ-որ թվով ամերիկյան սենատորներ, որի համար կարծում եմ այդքան ունեցվածք չունեք: Ամեն դեպքում, ձեզ ոգու ամրություն և համբերություն եմ մաղթում, գիտակցում եմ, որ շատ դժվար վիճակում եք»: