«2025-ը դառնալու է եվրոպական մեծ իշխանափոխության տարի». Արմեն Դուլյան
74
Այսօր, 00:36
Լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպական իշխանափոխություն՝ ի պատասխան ամերիկյան իշխանափոխության. վերջապես եկել է Մերցի ժամանակը «Դուք վստահո՞ւմ եք իմ գլխավորած կառավարությանը». այս հարցով երկուշաբթի օրը Բունդեսթագին դիմեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հրաշալի իմանալով, որ պատասխանը բացասական է լինելու։ Եվ պատգամավորները, բնականաբար, լիովին արդարացրին նրա սպասումները։ Մենք՝ հայաստանցիներս, բոլորովին չպիտի զարմանանք, քանզի Բեռլինում այժմ մեկը մեկին կրկնվում է այն, ինչ տեղի ունեցավ Երեւանում 2021 թվականին։ Հաստատ հիշում եք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով քաղաքացիներին, ասաց. «Ես հայտարարել եմ 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ինչը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում: Սրանից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժով համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր: Գերմանիայում կայանալիք արտահերթ ընտրությունների օրը նույնպես նախորոք որոշված է՝ փետրվարի 23-ին։ Բայց, ի տարբերություն Հայաստանի, որտեղ սահմանադրությամբ նախատեսված այս ներկայացումը բեմադրվեց այն հույսով, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների արդյունքում կպահպանի իր պաշտոնը, կարելի է մեծ հավանականությամբ ասել, որ Օլաֆ Շոլցն այլեւս կանցլեր չի դառնա, եւ նրան կփոխարինի Ֆրիդրիխ Մերցը։ Համենայնդեպս, այդպես են գրեթե միաբերան պնդում քաղաքագետներն ու վերլուծաբանները՝ հիմնվելով վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա։ Եւ ուրեմն միանգամայն իրավացի են նրանք, ովքեր համոզված են՝ վերջապես եկել է Ֆրիդրիխ Մերցի աստեղային ժամը. նրա ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունն ունի բարձր վարկանիշ՝ ավելի քան 30 տոկոս, իսկ Անգելա Մերկելը, որի ստվերում էր մնում Մերցը տարիներ շարունակ, վաղուց արդեն հետաքրքիր հուշեր է գրում աշխարհի հայտնի ղեկավարների մասին։ 69-ամյա Մերցն, ինչպես ասում են, իրոք մեռավ սպասելով իր ժամին, որովհետեւ նրան ճամփա չտվող այդ կինը՝ Անգելա Մերկելը, չէր գնում ու չէր գնում։ Հուսահատված Մերցը նույնիսկ մի ժամանակ՝ 2009 թվականին, թքեց ամեն ինչի վրա ու դուրս եկավ քաղաքականությունից։ Եվ դա, ի դեպ, շատ շահեկան էր իրավաբանական եւ տնտեսական կրթություն ունեցող քաղաքական գործչի համար. սկսեց մասնագիտությամբ աշխատել ամերիկյան առաջատար ներդրումային ընկերություններից մեկում՝ Blackrock-ում, հարուստ մարդ դարձավ, փայլուն տիրապետեց անգլերենին եւ բազմաթիվ կապեր ձեռք բերեց Միացյալ Նահանգներում։ Բայց ամենագլխավորը՝ հասկացավ, որ ի վերջո Սպիտակ տանը կարող է հայտնվել մի մարդ, որն առանց այլեւայլության կասի եվրոպացիներին. «Կներե′ք, բայց եթե դուք իսկի նեղություն չեք ուզում տալ ձեզ սեփական պաշտպանությունն ապահովելու համար, ինչո՞ւ պիտի դա ձեր փոխարեն անի Քեռի Սեմը»։ Ի դեպ, Գերմանիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Գլեները, որին Դոնալդ Թրամփը մտադիր է նշանակել հատուկ հանձնարարությունների հարցերով ներկայացուցիչ, գերմանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին, շատ անկեղծ է արտահայտվել. «Մենք ինչո՞ւ պիտի միջամտենք։ Այն, ինչ կատարվում է ձեր հետնաբակում, ձեր գործն է։ Եթե մենք՝ ամերիկացիներս, պրոբլեմ ունենանք Մեքսիկայի հետ, հո ձեզ՝ եվրոպացիներիդ, չե՞նք խնդրելու միջամտել»։ Հենց հաշվի առնելով վաշինգթոնյան նոր վարչակազմի այս դիրքորոշումը, Մերցն առաջարկում է եվրոպական հսկաներին՝ Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ Լեհաստանին, Գերմանիայի հետ պաշտպանական ծախսերը հասցնել նույնիսկ ոչ թե ՀՆԱ-ի երկու, այլ երեք տոկոսի։ Եթե սա իրականություն դառնա, Գերմանիայում պաշտպանական ծախսերը կկազմեն տարեկան մոտ 130 միլիարդ եվրո։ Համաձայնե′ք՝ մեղմ ասած, տպավորիչ թիվ է, որը շարքային գերմանացիների մի զգալի մասը դժվար թե միանշանակ ընդունի։ Փոխարենը կարելի է ակնկալել, որ հասարակ քաղաքացին անվերապահորեն հավանություն կտա Ֆրիդրիխ Մերցի մեկ այլ առաջարկի՝ լիովին փակել սահմանները փախստականների առջեւ եւ ընդհանրապես հրաժարվել այսպես կոչված բազմամշակութային քաղաքականությունից, որի սնանկությունը ժամանակին ճանաչեց նաեւ Անժելա Մերկելը։ Հիշեցնեմ, որ դեռ 2010 թվականին նախկին կանցլերը խոստովանեց. «60-ականների սկզբներին մեր երկիրը հրավիրեց օտարերկրյա բանվորներին։ Որոշ ժամանակ մենք ինքներս մեզ խաբում էինք եւ ասում, որ նրանք մեզ մոտ չեն մնա, ի վերջո կգնան։ Բայց նրանք մնացին։ Մենք նաեւ հույս ունեինք, որ կհաղթի բազմամշակութային մոտեցումը՝ մենք կապրենք կողք կողքի եւ կգնահատենք միմյանց։ Այդ մոտեցումը տապալվեց, հիմնովին տապալվեց»,- փաստեց Անգելա Մերկելը։ Ֆրիդրիխ Մերցը երբեք էլ չի թաքցրել, որ դեմ է բազմամշակութային քաղաքականությանը եւ կողմնակից է այն հայեցակարգին, որը կոչվում է Leitkultur, այսինքն, գերիշխող, դոմինանտ մշակույթ։ Այսինքն, ես, իհարկե, ընդունում եմ այն մշակույթը, արժեքները, ավանդույթներն ու սովորույթները, որոնք իրենց հետ բերում են ներգաղթյալները, բայց եթե եկել եք իմ հայրենիք՝ Գերմանիա, պիտի հստակ իմանաք, որ այստեղ գերակայում է գերմանական մշակույթը։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս նույն գաղափարն առաջ է տանում «Այլընտրանք Գերմանիայի համար» ազդեցիկ կուսակցությունը, որի հետ, սակայն, քրիստոնեադեմոկրատները կտրականապես հրաժարվում են համագործակցել, էլ չեմ ասում կոալիցիա կազմելու մասին։ Ինչեւէ, երեւի կարելի է լիովին համաձայնել այն քաղաքագետների հետ, որոնք պնդում են՝ եթե 2024-ը դարձավ ամերիկյան մեծ իշխանափոխության տարի, ապա 2025-ը դառնալու է եվրոպական մեծ իշխանափոխության տարի։ Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա»: