Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ.

«Սիրիան ոչնչացնողները Թուրքիայի աջակցությամբ գործող ահաբեկիչներ են, ոչ թե ընդդիմություն»․ Սերգեյ Մելքոնյան

59
Երեկ, 21:42
«Սիրիան ոչնչացնողները Թուրքիայի աջակցությամբ գործող ահաբեկիչներ են, ոչ թե ընդդիմություն»․ Սերգեյ Մելքոնյան

Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայի մասին. Թուրքիայի վերելքը և Ռուսաստանի անկումը․

Սկսած ահաբեկիչների արշավից Սիրիայում՝ ես նպատակային չգրեցի հոդվածներ և չտվեցի հարցազրույցներ։ Կիսվում եմ մի քանի դիտարկումներով, որոնք կուտակվել են։

Տերմինաբանություն և ձևակերպումներ․

Կարևոր է ոչ միայն իմանալ, այլև ընդունել, որ այսօր Սիրիան ոչնչացնողները Թուրքիայի աջակցությամբ գործող ահաբեկիչներ են, ոչ թե «ընդդիմություն», ոչ թե «ծայրահեղականներ» կամ «ապստամբներ»։ Նրանք ահաբեկիչներ են, որոնց այդպիսին ճանաչել են և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը։ Կարևոր չէ, թե ով նրանք կդառնան հետո, երբ տարբեր իրավիճակային գործընկերներ ցանկանան համագործակցել նրանց հետ և կհեռացնեն նրանց ահաբեկիչների ցուցակից։ Կարևոր է, թե ով են նրանք տվյալ պահին։ Պատմաբան գործընկերները կհաստատեն։

Կիսատ գործողությունները աղետի են բերում․

Շատ դիվանագետներ, քաղաքական գործիչներ և գիտնականներ ընդգծել են «Աստանայի ձևաչափի» և ստեղծված դեէսկալացիոն գոտիների հաջողությունը, երբ Սիրիայի տարբեր անկյուններից բոլոր «մորուքավորներին» տեղափոխեցին Իդլիբ՝ այնտեղ ահաբեկչական օջախ ստեղծելով։ Արդյունքում՝ Անկարան, ընդդիմությանը ահաբեկիչներից տարանջատելու փոխարեն, որոշեց բոլորին գլխավորել։ Վերջին տարիներին թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը չհամարձակվեցին Իդլիբի հարցը լուծել՝ առաջնորդվելով հին, բայց ոչ արդյունավետ սկզբունքով՝ «եթե աշխատում է, մի՛ կպիր»։

Քննադատական մտածողություն․

Բացի լուրերից, բնականաբար, կարդում էի նաև գործընկերների նյութերը։ Նկատեցի, որ շատերի մոտ կորել է ամենակարևորը՝ սխալների քննադատական վերաիմաստավորումը։ Սակայն հենց որ տեսա Սերգեյ Մարկեդոնովի և Ռուսլան Պուխովի մեկնաբանությունները, հանգստացա։ Խորհուրդ եմ տալիս կարդալ։

Եվ վերջում

Սիրիայում իրադարձությունների մոնիտորինգը անմիջապես տեղափոխեց ինձ 2023 թվականի սեպտեմբեր՝ Արցախի անկում։ Տարվա ընթացքում մենք շարունակում ենք տեսնել Թուրքիայի վերելքն ու Ռուսաստանի անկումը։ Սա արդեն դառնում է միտում։ Տեսնենք՝ արդյոք այն կփոխվի՞»։

Աղբյուրը`   Սերգեյ Մելքոնյան