Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«Նիկոլը փորձում է հարմարեցնել մեր պատմությունն Անկարայում նախագծած «ապագային»». Արմեն Աշոտյան

137
Շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ., 22:48
«Նիկոլը փորձում է հարմարեցնել մեր պատմությունն Անկարայում նախագծած «ապագային»». Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տնային կալանքի վայրից դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Հովսեփ Սարգսյանը նրան ուղղված խոսքում նշել է. «Պարոն Աշոտյան, անկեղծ ասած, տեղս չեմ գտնում նաև Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի շուրջ սրանց շահարկումներից»:

Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Սրանց կռիվը հայկական ինքնության դեմ համակարգային է և չի սահմանափակվում միայն ներկայով։ Սրանք բացահայտ մարտնչում են նաև մեր անցյալի դեմ։ Նիկոլը հայ ժողովրդին հայտարարել է «հիշողության պատերազմ», փորձելով այդ կերպ հարմարեցնել մեր պատմությունն Անկարայում նախագծած «ապագային»։ Որովհետև պատմական հիշողությունն է մեծապես ազդում երկրների արտաքին և ներքին քաղաքականությունների վրա։

Վերցնենք նույն Ուկրաինան, որտեղ մինչև այս պատերազմը նախագահ Յուշչենկոյի օրոք ազգային ինքնության լրջագույն տարր էր դարձվում Գոլոդոմորը և նրա միջազգային ճանաչումը։

Ավելի թարմ օրինակ։

Հայտնի է, որ լեհ-ուկրաինական հարաբերություններում լրջագույն խնդիր են 1943-44 թվականներին լեհերի զանգվածային սպանություններն Ուկրաինայի Վոլինի շրջանում։ Լեհական իշխանություններն անկախ Ուկրաինայի ներկայիս կարևորությունից, նույնիսկ ընթացող պատերազմի պարագայում, երբեք չեն մոռացել այս հարցը և դիտարկել են Վոլինի ջարդը՝ որպես ցեղասպանություն։ Իսկ օրերս Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, առաջ մղելով այդ հարցը, հրապարակավ հայտարարեց, որ Ուկրաինայի հետ պայմանավորվել են ջարդերի զոհերի աճյունները արտաշիրմելու մասին՝ շեշտելով, որ առանց Վոլինի ջարդերի հարցի հանգուցալուծման՝ չի կարող լինել լիարժեք հաշտեցում Ուկրաինայի հետ։ Կրկնեմ. այս հետևողականությունն ու կոշտությունը Լեհաստանը դրսևորում է Արևմուտքի «любимчик» Ուկրաինայի հանդեպ՝ հետապնդելով սեփական ազգային շահերն ու արժանապատվություն դրսևորելով։ Ու ոչ մի այլ երկիր՝ ԱՄՆ, Գերմանիա կամ Ֆրանսիա, չեն կարող «հաշտեցման» խաթր այդ հարցն արանքից հանել»։