Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ.

«Թուրքիային ինչ-որ «ծուղա՞կ» են քաշում, թե՞ Հալեպը փոխանակվում է»․ Հակոբ Բադալյան

51
Այսօր, 02:06
«Թուրքիային ինչ-որ «ծուղա՞կ» են քաշում, թե՞ Հալեպը փոխանակվում է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայում Թուրքիան իր սատարումը վայելող խմբավորումներով գործում է Ռուսաստանի դե՞մ՝ գրոհելով Հալեպը:
Հնարավոր է, անշուշտ:
Բայց, փորձենք մի փոքր էլ նայել հակառակ կողմից: Սիրիայում իրավիճակի լարման շեմին՝ նոյեմբերի 24-ին, տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույց: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հիմնականում քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական հարցեր, եւ՝ շոշափել են «մի շարք միջազգային թեմաներ»: Ընդգծվում է, որ խոսակցությունը ԲՐԻԿՍ գագաթնաժողովում, այսինքն դրանից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման շարունակությունն է:
Շարունակությունը, նշանակում է թերեւս հոկտեմբերին Կազանում խոսել, քննարկել են ինչ որ բան, եւ մեկ ամիս անց հեռախոսով «սլաքնե՞ր են ճշգրտել»:
Իհարկե մենք կարող ենք միայն անել ենթադրություն, եզրակացություն, որովհետեւ ստույգ պնդման համար չունենք անհրաժեշտ ինսայդերական տեղեկատվություն:
Բայց, Սիրիայում իրավիճակը լարվելուց հետո Բաշար Ասադը նոյեմբերի 28-ին շտապ մեկնում է Մոսկվա: Ինչու՞: Միթե՞ Մոսկվան չի հասկանում, որ ծանր է, պետք է պաշտպանել եւ այլն: Թե՞ Ասադը մեկնում է Մոսկվա համաձայնություն տալու մի բանի, ինչը մերժել է մինչեւ նոյեմբերի 26-ը՝ երբ թուրքական աջակցություն վայելող խմբավորումներըւ գրոհել են կառավարական զորքերն ու Հալեպը:
Ի դեպ, Կրեմլի խոսնակը չի մեկնաբանել այցի մասին տեղեկությունները, ասելով, որ «այդ մասին ասելու բան Կրեմլը չունի»:
Կրեմլը ժամանակ ու ռեսու՞րս չունի Սիրիայի համար, թե՞ Էրդողանի հետ ունի պայմանավորվածություններ, որի շրջանակում էլ խախտվում է հրադադարը Սիրիայում:
Համենայն դեպս, գոնե առայժմ կարծես թե պաշտոնական մակարդակում տարօրինակ զսպվածություն է նկատվում թե Մոսկվայում, թե՝ Թեհրանում:
Թուրքիային ինչ որ «ծուղա՞կ» են քաշում, թե՞ Հալեպը «փոխանակվում» է ավելի կարեւոր մի բանի հետ:
Այն, որ հերթական «առեւտրային»-«բորսայական» պատերազմն է, կասկած չկա»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան