Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ.

«Ի՞նչ է պորտաքարը և ինչպե՞ս է այն ազդում կանանց չբերության վրա». Խաժակ Սիրեկանյան

58
Այսօր, 03:06
«Ի՞նչ է պորտաքարը և ինչպե՞ս է այն ազդում կանանց չբերության վրա». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնագույն հայոց ծիսակատարությունը
Գիտեք, թե ինչ է պորտաքարը և ինչպես է այն ազդում կանանց չբերության վրա:
Պորտաքարերը ծիսական քարեր են, կապված են հողի բերրիության, պտղաբերության և մայրության աստծո՝ ամենայն հավանականությամբ՝ Անահիտ դիցամոր պաշտամունքի հետ... Երկրպագվել են՝ որպես վերարտադրության ու պտղաբերության, բեղմնավորող ուժի խորհրդանիշ...
Հայաստանում պորտաքարեր հանդիպում են տարբեր վայրերում, Սյունիքում, Արագածի փեշերին, Գեղարքունիքում և այլն:
Սիսիանի պորտաքարը տեղադրված է Իշխանասարի լեռնազանգվածի հարավ-արևմտյան լանջին, Սիսիանից ուղիղ գծով 8-9 կմ հեռավորության վրա և Քարահունջի հնավայրից 9 կմ արևելք, Սիսիան-Գորիս ճանապարհի ձախ կողմում (հին ճանապարհի նկատմամբ՝ աջ մասում), մոտ 2000 մ բացարձակ բարձրության վրա:
Սիսիանի պորտաքարը մանրամասն նկարագրել է պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը իր «Զանգեզուրի հայերը» ազգագրական ուսումնասիրության մեջ, որը իրականացրել է 1920-30-ական թվերին:
Բազմաթիվ նոր չափումները ցույց տվեցին, որ նկարագրվող Սիսիանի պորտաքարը մագնիսական է և ունի ուժեղ մագնիսական դաշտ: Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը նույնպես ունի հզոր մագնիսական դաշտ և դրական ու բացասական բևեռներ՝ հյուսիսային և հարավային: Մասնագետները պնդում են, որ Երկրի վրա կյանքը գոյություն ունի՝ շնորհիվ Երկրի հզոր մագնիսական դաշտի, քանի որ այն պաշտպանում է երկրային կյանքն Արևի ռադիացիոն ազդեցությունից:
Մեր հզոր նախնիները ոչ միայն տարբերակում էին մագնիսական քարերը և այդ քարերի մագնիսական բևեռները, այլ նաև այդ քարերը հազարավոր տարիներ առաջ օգտագործում էին տարբեր հիվանդությունների բուժման համար...
Մագնիսների և ընդհանրապես մագնիսականության և մագնիսաբուժության մասին պահպանվել են տեղեկություններ հնագույն ժամանակներից՝ այդ թվում Եգիպտական, վեդայական, հունական, հռոմեական և չինական աղբյուրներում:
Մագնիսաբուժությունը Եվրոպայում գիտականորեն սկսվեց ուսումնասիրվել XVI դարից, ցույց տրվեց, որ մագնիսը կարող է բուժել օրգանիզմի բորբոքվածությունը, խոցերի, աղիքների և արգանդի, ինչպես նաև մաշկային հիվանդություններ: հաստատվեց, որ Երկիրը հանդիսանում է մի ամբողջական խոշոր մագնիս, և ցանկացած իր ունի իր մագնիսականությունը և երկրի մագնիսական դաշտը դրականորեն է ազդում բույսերի աճմանը:
Նկարագրվող պորտաքարն ունենալով հզոր մագնիսական դաշտ, էտալոնի դեր է կատարում և ուղղում է կնոջ խաթարված մագնիսական դաշտի հավասարակշռությունը, որն էլ իր հերթին տանում է մարմնի առողջացմանը:


Սիսիանի պորտաքարը օգտագործվել է կանանց ամլությունը բուժելու համար և այստեղ բուժվող կանայք ոչ թե հոգեբանորեն են բուժվել, այլ հստակ օգտագործվել է քարի մագնիսական դաշտի բուժիչ կամ կարգավորող-հավասարակշռող հատկությունը:
Կարծում ենք, որ այս պաշտմունքա-ծիսական քարը իրոք նվիրված էր պտղաբերության հովանավորող Մայր աստվածուհուն՝ Անահիտին: Մայրության աստվածուհուն էին նվիրված նաև Հայկական լեռնաշխարհում տարածված վիշապաքարերը, որոնց ջավախքում «Կաթ» քարեր են ասում և ուխտ էին գնում չբեր կամ կաթ չունեցող կանայք, և մեծ տարածում գտած «Ծծաքարեր» կոչվող հուշարձանները, որոնք նույնպես ուխտատեղի էին կաթ չունեցող կերակրող մայրերի համար:
Հայկական լեռնաշխարհում տարածված «պորտաքարեր» կոչվող հուշարձանները, որոնք բնակչության կողմից հիշատակվում են՝ որպես կանացի չբերությունը բուժող ծիսական քարեր, մագնիսական են և իրենց մագնիսական դաշտի շնորհիվ իրոք ունեն դրական ազդեցություն կանացի ամլությունը բուժելու գործում: Այս մագնիսական քարերը՝ որպես բուժիչ կոթողներ, ճանաչվել և սկսել են օգտագործվել մինիմում 13 հազար-15 հազար տարի առաջ, որը շարունակվել է մինչև մեր թվագրության 19-րդ դարի վերջը: Ամենահնագույն ժամանակներից այս ծիսական քարերի օգնությամբ ստացել են մագնիսական ջրեր և օգտագործել բուժիչ նպատակներով»: