«Ի՞նչ տարբերություն կա Արծվաշենի և Արցախի միջև». Կարեն Հեքիմյան
57
Այսօր, 03:06
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ տարբերություն կա Արծվաշենի և Արցախի միջև: Տարբերությունը «միջազգային իրավունքի» տեսանկյունից նայել-չնայելու մեջ է: Սակայն, եթե նույնիսկ խնդրին նայենք «միջազգային իրավունքի» տեսանկյունից, ապա կրկին հարց է առաջանում: Օրինակ՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ի կամ 2023թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ ի՞նչ տարբերություն կար Արծվաշենի և Արցախի միջև: Ասեմ: Ուրեմն, 2020թ․ սեպտեմբերի 27-ին, կամ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, կամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ցանկացած այլ ամսաթվին Ադրբեջանն Արցախը համարել է իր միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մասը և բոլոր հնարավոր ատյաններում մինչև վերջ պայքարել է Արցախի համար: Արծվաշենը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մասն է: Այժմ եկեք հիշենք, բացի հատուկենտ անհատներից, ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս և որտե՞ղ է պայքարել Արծվաշենի հետ վերադարձի համար: Որևէ մեկը չի գտնի որևէ պաշտոնական փաստաթուղթ, ըստ որի, Արծվաշենի վերադարձի պահանջը ներառված լինի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում: Էլ չեմ խոսում հայկական կողմի չնախաձեռնած 2020թ․ սեպտեմբերի 27-ի կամ 2023թ․ սեպտեմբերի 19-ի համարժեք միջոցառումների մասին, քանզի այդօրինակ միջոցառումներ պաշտոնական Երևանը նույնիսկ երազներում չէր տեսնում: Այսինքն, ստացվում է, որ թեպետ Արծվաշենի և Արցախի միջև «միջազգային իրավունքի» տեսանկյունից տարբերություն չկա, այնուամենայնիվ թե՜ Արցախը, թե՜ Արծվաշենը դե ֆակտո Հայաստանի կազմի մեջ չեն: Դա նշանակում է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում տասնյակ տարիներ շարունակ պետականաքանդ իշխանություն է եղել: Կարելի՞ է արդյոք տեսանելի ապագայում ինչ-որ բան փոխել: Կարծում եմ՝ Արցախի կարգավիճակի պարագայում ինչ-որ փոփոխությունն անհնար է, սակայն Արծվաշենը հետ բերելն իրատեսական է: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Մեծ հաշվով, շատ բան պետք չէ, միայն՝ հետևողական հարգանք «միջազգային իրավունքի» հանդեպ և հավատարիմ (անդավաճան) ազգաբնակչություն: «Հետևողական հարգանք»-ին հավատում եմ, ազգաբնակչության հավատարմությանը (անդավաճանությանը)՝ ոչ: Այսպես էլ ապրում ենք»: