Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է». Անալենա Բերբոք

66
Այսօր, 11:42
«Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է». Անալենա Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, Բաքվում COP29 համաժողովի շրջանակներում պատասխանելով լրագրողներին, սուր քննադատություն է հայտնել հյուրընկալող երկրի հասցեին։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը, լրատվամիջոցների ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունը խիստ մտահոգիչ է։

Անալենա Բերբոքը նաև բացարձակ անընդունելի է համարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորների՝ Ադրբեջան մուտքի արգելքը։ «Դրանք ազդում են նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորների վրա և անհամատեղելի են ԵԽ-ում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել է նախարարը։ Նա ընդգծել է կլիմայի փոփոխության համաժողովի կարևորությունը՝ անդրադառնալով նաև մարդու իրավունքների իրավիճակին:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ գագաթնաժողովը պետք է արդյունքներ բերի կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում, որը նա անվանել է մեր ժամանակի անվտանգության քաղաքականության ամենամեծ խնդիրը։ Նախարարն ընդգծել է, որ Բեռլինը ճանաչում է կլիմայի ֆինանսավորման պատասխանատվությունը՝ կոչ անելով մյուս երկրներին կիսել այն։