Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Պատերազմներում հաջողում են այն ժողովուրդները, որոնք կարողանում են ընտրել ճիշտ առաջնորդ»․ Դավիթ Մանուկյան

67
Այսօր, 00:24
«Պատերազմներում հաջողում են այն ժողովուրդները, որոնք կարողանում են ընտրել ճիշտ առաջնորդ»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբեք Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը չեմ եղել, սակայն պատմական փաստ է, որ նրա օրոք Հայաստանը հաղթել է Արցախյան առաջին պատերազմում և ազատագրել է Արցախը։ Պատմական փաստ է նաև նա, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտվեց Արցախյան երկրորդ պատերազմում և ամբողջությամբ կորցրեց Արցախը։ Սրանք պատմական իրողություններ են, որոնց հետ անհնար է հաշվի չնստել։

Հիմա շատ է խոսվում, թե ով որքանով է մեղավոր Արցախյան 2-րդ պատերազմի պարտության համար։ Իհարկե մեղավորներ շատ կան, մեծ հաշվով կարելի է մեղադրել բոլորին՝ ՀՀ բոլոր ժամանակների իշխանություններին, Հայաստանի բարեկամներին ու գործընկերներին, միջազգային հանրությանը, Հայաստանի քաղաքացիներին։ Բազմաթիվ դրվագներով այդ մեղադրանքներից շատերը հիմնավոր են ու ճշմարտացի։

90-ականերին նորանկախ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր չափազանց ծանր վիճակում։ Չկային կայացած պետական ինստիտուտներ, տնտեսությունը փլուզված էր, Սպիտակի երկրաշարժը նոր էր եղել, կային տասնյակ հազարավոր զոհեր, ամբողջությամբ ավերված քաղաքաներ ու գյուղեր, Հայաստանը գտնվում էր գրեթե լիակատար շրջափակման մեջ։ Եվ ահա այս պայմաններում սկսվում է Արցախյան առաջին պատերազմը և չնայած այս ամենին, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ և՛ ոտքի կանգնել, և՛ ազատագրել Արցախը։

2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը արդեն կայացած պետություն էր՝ հաղթանակած բանակով, կայուն տնտեսությամբ, միջազգային դաշնակիցներով ու գործընկերներով, բարոյահոգեբանական տեսանկյունից ուժեղ և հաղթանակած հասարակությամբ, սակայն հաշված օրերի ընթացքում տվեց հազարավոր զոհեր և ամբողջությամբ կորցրեց Արցախը։

Պատերազմներում հաջողում են այն ժողովուրդները, որոնք կարողանում են իրենց համար ընտրել ճիշտ առաջնորդներ։

Որքան էլ զորեղ լինի պետությունն ու բանակը, այն չի կարող հաջողել վատ ղեկավարության առաջնորդությամբ։ Եթե այսօրվա իշխանությունները ղեկավարեին 90-ականերին, մենք ոչ միայն կպարտվեինք Արցախյան առաջին պատերազմում, այլև Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, այսօր գուցեև չլիներ։

Այն բոլոր թեզերը, թե այսպես էլ պետք է լիներ, այլ ելք չկար, կեղծ են ու հակապետական, որոնց միակ նպատակը պատասխանատվությունից խուսափելն է և հանրությանը համոզել համակերպվել պարտվածի ու խեղճի կարգավիճակի հետ»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան