Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Փաշինյանի «խաղադրույքը» այլ է»․ Հակոբ Բադալյան

72
Այսօր, 03:06
«Փաշինյանի «խաղադրույքը» այլ է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում «մուննաթ» գալով հին «Գազ-66-ի կմախք» երևույթի վրա, որը բնականաբար ենթադրում է ոչ միայն Գազ-ի, և ոչ միայն մեքենայի կմախքի երևույթ, հայտարարեց, թե համայնքապետերը չպետք է վախենան այդ հարցերը լուծելու հետևանքով ձայն կորցնելուց:

Ըստ Փաշինյանի, մեկ ձայն կորցնում են, բայց այդօրինակ խնդիրը լուծելով շահում են 100 ձայն:

Փաշինյանը անշուշտ հիանալի գիտի, որ չի գործում այդպիսի «բանաձև»՝ մի շարք օբյեկտիվ պատճառներով, որ պայմանավորված են կառավարման համակարգի խորքային անարդյունավետությամբ:

Նրա «խաղադրույքը» այլ է: Մասնավորապես, «ԳԱԶ-երի» կմախքների տերերը գլխավորապես այն շերտն են, որոնք անհագ սպառում են «նախկինների» թեման՝ պահանջելով «թալանի» վերադարձ: Նրանք չունեն Փաշինյանի կառավարությունից այլ ակնկալիք և պահանջ: Ինչպես ասել եմ բազմիցս, Նիկոլ Փաշինյանը հիանալի է ճանաչում այդ պահանջի կրող հանրային շերտերի հոգեբանությունը: Հետևաբար, առաջին հայացքից հակասականությունը՝ երբ նա թիրախավորում է իր իսկ ընտրազանգվածին, խորքային առումով այդպիսին չէ:

Նիկոլ Փաշինյանը պարզապես «վերադարձնում» է պահանջը, ստանալով հետևյալ «բանաձևը»՝ դուք ինձանից պահանջում եք «թալանի վերադարձ» և դժգոհ եք, որ ձեր ակնկալիքը չի արդարանում ցանկալի մասշտաբով, իսկ դուք էլ իմ ակնկալիքը չեք արդարացնում՝ «կմախքների» և կենցաղային այլ դրվագներով:

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանի «մուննաթը» այդ իմաստով ունի սոցիալ-հոգեբանական և քաղաքական առավել նուրբ ու խորը հաշվարկ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Նա իր ընտրազանգվածին «ասում» է, որ իրենք «քվիդ» են՝ ներեցեք այդ ձևակերպումն օգտագործելու համար: Բայց, դա եմ օգտագործում, խնդրո առարկան առավել պարզ բնորոշելու համար:

Այլ կերպ ասած, դա ընտրազանգվածը «մեղքի» տակ թողնելու հմուտ քայլ է: Կրկնեմ, ոչ ուղիղ, այլ հոգեբանական-ենթագիտակցական շերտային իմաստով, կամ ինչպես «դասականները» կասեին՝ «նեյրոլինգվիստիկ» իմաստով:

Այդ կերպ, ձևավորվում է ընտրազանգվածի հետ այդ «նեյրոլինգվիստիկ» գործարքը և Փաշինյանն իսկապես չի կորցնում ձայն: Այսինքն, ոչ թե մեկը կորցնում է, իսկ հարյուր՝ չի շահում, այլ իրականում այդ մեկը չի կորցնում, որքան էլ «մուննաթ» է գալիս և համայնքապետերին առաջարկում է թիրախավորել այդ ձայնի տիրոջը:

Կրկնեմ, որովհետև այդ ձայնի տերը ունի մեկ գիտակցական պահանջ՝ «թալանը հետ բեր»:

Իսկ Փաշինյանը խորքային առումով, խոշոր հաշվով «հետ չի բերելու», որովհետև այդտեղ էլ քաղաքական և աշխարհաքաղաքական մեծ գործարքն է, որ «կնքվել» է Հայաստանի հարցում, և որից մեծ շեղումներ ոչ ոք թույլ չի տվել առ այսօր և թույլ չի տա հետայսու:

Ընդ որում, սրա համար է նաև, որ 2018-ից ի վեր խոսում եմ, որ հանրության ու պետության հանդեպ անթույլատրելի՝ կամ սխալ է, կամ դիտավորություն, երբ հասարակական-քաղաքական դիսկուրսի «մեխ» է դարձվում «նախկինների» թեման կամ «թավիշ»-«չթավիշը», հետո ինչ որ մուրճեր կամ պողպատե մանդատներ:

Դրանք բացարձակ մանիպուլյատիվ նշանակության թեմաներ են, որոնք չունեցան և չեն էլ կարող Հայաստանի համար ունենալ օգտակարություն, և փոխարենը՝ ահռելի է դրանց շարունակական շրջանառության ուղղակի, թե անուղղակի հետևանքների ծավալն ու խորությունը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան