Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.

«Իսկ հնարավո՞ր է, որ իրավիճակի վրա ազդեցություն ունենա Անկարան». Հակոբ Բադալյան

42
Այսօր, 17:42
«Իսկ հնարավո՞ր է, որ իրավիճակի վրա ազդեցություն ունենա Անկարան». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ հնարավո՞ր է, որ Աբխազիայում կա ներքին դիմադրություն, այսինքն, մի որևէ խումբ կամ ուժ, որը ինքնուրույն կարող է դուրս գալ ՌԴ-ի դեմ: Ես, անկեղծ ասած, չեմ հավատում դրան:

Բայց, այստեղ կա մի հանգամանք, որն արժանի եմ համարում ուշադրության: Թուրքիայում կա աբխազական, այսպես ասած, սփյուռք: Ըստ տարբեր գնահատականների՝ գրեթե մեկուկես միլիոնի չափ աբխազներ: Ընդ որում, սա փաստորեն մի քանի անգամ շատ է բուն Աբխազիայում բնակվողներից:

Հնարավո՞ր է, որ իրավիճակի վրա ազդեցություն ունենա Անկարան՝ հենց այդ սփյուռքի միջոցով: Սա արդեն, իհարկե, չեմ բացառի, ու թեև նախորդ գրառմանս մեջ թերահավատ էի, որ կարող է լինել իրավիճակի արտաքին ճոճ, այդուհանդերձ, այս խողովակի միջոցով ազդեցությունը չեմ գնահատի անհավանական: Առավել ևս, ուշադրություն, որ ներկայումս բավականին ակնառու է ռուս-թուրքական հարաբերությունում առկա անվստահությունը, հատկապես Ռուսաստանի վարքագծում: Երեկ ես ուշադրության արժանացրի, որ ռուսական կողմը, փաստորեն, չի հանրայնացրել Լավրովին Ֆիդանի հեռախոսազանգը:

Իսկ ինչի՞ համար Թուրքիան կարող է առնվազն մոտիվացված լինել՝ ունենալու այդպիսի ազդեցություն: Նախ, իհարկե Ռուսաստանին պայմանավորվածության մղելու համար: Դրանից բացի կան ավելի խորքային հանգամանքներ: Մասնավորապես, ուշադրություն դարձնենք, որ Աբխազիայում իրավիճակը ճոճվում է Վրաստանում ընտրությունից հետո:

Իսկ Աբխազիան Վրաստանի շուրջ զարգացումների առումով էական կետ է, այն իմաստով, որ Վրաստանի ընտրությունից առաջ եղան հայտնի հայտարարությունները Թբիլիսիից, ու եղավ արձագանքը Ռուսաստանից, որ պատրաաստ են՝ լինելու Սուխումիի և Թբիլիսիի միջև երկխոսության աջակից: Իսկ դա արդեն կարող է վերածվել ռուս-վրացական հարաբերության ընդլայնման: Աբխազիայի միջոցով այդ հարաբերության ընդլայնման հեռանկարը մարտահրավեր է ոչ միայն, իսկ գուցե նույնիսկ ոչ այնքան արևմտյան բևեռի, որքան ռեգիոնում այդ բևեռի «առաջնագիծ» և «առաջամարտիկ»՝ Թուրքիայի համար:

Վրաց-ռուսական հարաբերության կարգավորումն էապես նվազեցնելու է Թուրքիայի կշիռը կովկասյան ռեգիոնում ու սևծովյան ավազանում, ինչը, բնականաբար, նաև մեղմ ասած ցանկալի չէ ՆԱՏՕ-ի, ու մասնավորապես Մեծ Բրիտանիայի համար:

Հետևաբար, զարմանալի չի լինի, եթե աբխազական սփյուռքի միջոցով իրապես փորձ արվի ճոճել իրավիճակն այնտեղ, իհարկե այլ առիթով, բայց հենց վրաց-ռուսական հարաբերության հեռանկարի դեմ ծավալվելու հաշվարկով»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան