Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Պատանի երաժիշտների դասական Եվրոտեսիլ»-ը 2026 թվականին կանցկացվի Հայաստանում

91
Երեկ, 21:48
«Պատանի երաժիշտների դասական Եվրոտեսիլ»-ը 2026 թվականին կանցկացվի Հայաստանում

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում են, որ 2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրոտեսիլ» մրցույթը տեղի կունենա Հայաստանում։

Դասական երաժշտության մրցույթը նախատեսված է 12-ից 21 տարեկան պատանիների համար:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է Եվրատեսիլի հենց այս ձևաչափը՝ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը», հյուրընկալել Հայաստանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը ջանք չեն խնայելու, որպեսզի 2026 թվականին Հայաստանը դառնա դասական երաժշտության կենտրոն: Սիրով կսպասենք շնորհալի պատանի երաժիշտներին մեր երկրում»:

Հայաստանն այս մրցույթում առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունն ունեցել ենք 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։ 2026 թվականին Հայաստանը կլինի մրցույթի հյուրընկալող երկիրը։
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը տաղանդի և ստեղծարարության հրաշալի հարթակ է, որը երաժշտության միջոցով միավորում է մարդկանց»,- ասում է Եվրոպական հեռարձակողների միության մեդիայի տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ Ժան Ֆիլիպ դե Տենդերը:

Նա նշում է՝ ուրախ են, որ Հայաստանը 2026 թվականի հյուրընկալող երկիրն է և անհամբեր սպասում են այս հիանալի միջոցառման շրջանակում համատեղ աշխատանքին։

Միջոցառման հետ կապված այլ մանրամասները կհրապարակվեն մրցույթին ընդառաջ»: