Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է տաքանալ». Հակոբ Բադալյան

34
Այսօր, 11:00
«Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է տաքանալ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հարավկորեացի սահմանապահները կրակ են բացել հյուսիսկորեացիների ուղղությամբ, որոնք փորձել են պայթուցիկներ տեղադրել Հարավային Կորեայից Հյուսիսային տանող մի քանի առանցքային ճանապարհների վրա, դրանք պայթեցնելու համար:

Ըստ տեղեկության, այդ գործողությունը հյուսիսկորեացիներին հաջողվել է, թեև հարավկորեացիները կրակել են ուղիղ թիրախավորմամբ:

Կիմ Չեն Ընը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հարավկորեացի սահմանապահների կրակելու առնչությամբ, հայտարարելով, որ առաջիկայում կլինեն պատասխան գործողություններ:

Կորեական նոր պատերա՞զմ: Դա չափազանցությո՞ւն է, թե՞ ամեն ինչ գնում է դրան: Ի վերջո, եթե ակտիվ խոսվում է իրան-իսրայելյան պատերազմի մասին, որը հիբրիդային մակարդակում արդեն առկա է, ինչո՞ւ չի կարող լինել կորեական նոր պատերազմ: Հատկապես, որ այստեղ մոտիվացիաները բավականին տեսանելի են գերտերությունների մակարդակում:

2023 թվականին Բրիտանիան ու Ճապոնիան ստորագրեցին պայմանագիր, որը երկկողմ ռազմական գործակցությունը խորացնելու, մասնավորապես միմյանց տարածքում ռազմական ուժեր ծավալելու, նաև համատեղ զորավարժությունների բնույթն ու մասշտաբը խորացնելու մասին էր: Դա տեղի ունեցավ Ճապոնիայի վարչապետի Լոնդոն այցի ընթացքում:

Ավելորդ է թերևս ասել, որ այդ պայմանագիրը չի նշանակելու Ճապոնիայի ռազմական ծավալում Բրիտանիայում, այլ հակառակը՝ Բրիտանիային է տալու Ճապոնիայում, այլ կերպ ասած՝ ասիախաղաղօվկիանոսյան ռեգիոնում ռազմական ծավալումը խորացնելու հնարավորություն: Ինչո՞ւ, որովհետև Լոնդոնը բնականաբար գնահատում է դա որպես իր աշխարհաքաղաքական դերակատարման ընդլայնման միջոց, այն մեծ դիմակայության ու վերափոխումների բովում, որ ծավալվում է աշխարհում: Բնականաբար, Բրիտանիայի այդ ջանքը անընդունելի է լինելու Չինաստանի և Ռուսաստանի համար, թե առանձին-առանձին, թե համատեղ անընդունելիությամբ:

Այստեղ է նաև Հյուսիսային Կորեայի ուղղությամբ Ռուսաստանի վերջին շրջանի աշխատանքի ինտենսիվիության ու խորության աճը: Ինչպես նկատել էի նախօրեին, չի բացառվում, որ պարզապես գնա կանխարգելիչ գործողություն, քանի դեռ բրիտանացիները չեն հասցրել ծավալվել, իսկ ամերիկացիները զբաղված են ընտրություններով ու Մերձավոր Արևելքով:

Իհարկե ԱՄՆ տպավորիչ ռազմական ներկայություն ունի թե Ճապոնիայում, թե Հարավային Կորեայում: Բայց, Վաշինգթոնի համար ներկայումս ասիախաղաղօվկիանոսյան ռեգիոնում թեժացումը կլինի անհարկի, քանի դեռ հանգրվանային արձանագրումներ չկան ուկրաինական և մերձավորարևելյան ուղղություններում:

Այստեղ հատկանշական է նկատել դեռ նախորդ տարի ամերիկյան բարձրաստիճան զինվորականների գնահատականների հանգամանքը, որոնք չին-ամերիկյան ռազմական բախումն անխուսափելի էին համարում, բայց 2025 թվականի հաշվարկով:

Ահա այդ համատեքստում, հնարավոր է, որ չինացիները և ռուսները այդուհանդերձ որոշել են «խփել առաջինը», եթե «խփոցին» անխուսափելի է, ինչպես ասում էր Պուտինը «պետերբուրգյան փողոցներից քաղաքծ իր դասի» մասին:

Դե, իսկ «խփողը», եթե իհարկե գործ ունենք այդ տրամաբանության հետ գործնականում, կլինի անշուշտ Հյուսիսային Կորեան: Որովհետև, հնարավոր է պարզապես խաղադրույքների տոտալ բարձրացման պրոցեսը պարզապես հասել է նաև ասիախաղաղօվկիանոսյան ռեգիոն, ինչը դեռ չի նշանակում պատերազմ նաև այնտեղ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան