«Կորոնավիրուսային հիվանդության դեպքերն աճել են». ԱՆ
114
Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ., 10:18
Սուր շնչառական վարակներն աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ գրիպը, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ՝ թոքաբորբ, բրոնխիտ, ականջաբորբ և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: Այս տարվա 41-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն, հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ աճել է՝ 1.2 անգամ, ինչը համահունչ է սեզոնի նշված ժամանակահատվածին, իսկ նախորդ շաբաթվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ ցածր է 1.1 անգամ։ Դեպքերի 71%-ը կազմել են 0-18 տարեկանները։ Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել։ Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ։ Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով, իսկ 14 օրվա ընթացքում արձանագրված դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31%-ով: Սուր շնչառական վարակներով, չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է. ? պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով առաջնային առողջության պահպանման կազմակերպություն, ? խուսափե՛ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, ? եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, ? եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, ? մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, ? հագնվե՛ք եղանակին համահունչ, ? պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը, ? օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ, ? հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները, ? հետևե՛ք անձնական հիգիենային։