«ՀՀ մեծահասակ բնակչության շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն»․ Արմեն Մուրադյան
226
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ., 16:36
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի մեծահասակ բնակչության շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն: Սիրեք ձեր աչքերը և իմացեք, թե ինչպես կարող եք կանխել և բուժել տեսողության խանգարումները Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը նշվում է որպես տեսեղության համաշխարհային օր։ Այն տոնվում է անդրադառնալու կուրության և տեսողության խանգարման խնդրին՝ կոչ անելով հասարակությանն աչալուրջ լինել աչքերի առողջության նկատմամբ։ Այս տարի տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները անցկացվում են «Երեխաներ, սիրե՛ք ձեր աչքերը» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել մանկության շրջանում տեսողության խնդիրների կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման կարևորության վրա: ԱՀԿ տվյալների համաձայն՝ աշխարհում շուրջ 2․2 միլիարդ մարդ տեսողության խանգարումներ ունի, ընդ որում նրանցից 39 միլիոնը կույր է: Տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվը կազմում է 19 մլն, նրանցից 1․4 մլն․ անդառնալիորեն կույր է։ Նշված 2․2 միլիարդ մարդկանցից առնվազն 1 միլիարդը ունեն տեսողության խանգարումներ, որոնք կարելի էր կանխել կամ վերացնել: Տեսողության խանգարմամբ մարդկանց գրեթե 90%-ը բնակվում է ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Տեսողության խանգարման հիմնական պատճառներն են՝ չբուժված ռեֆրակցիոն սխալները (կարճատեսություն, հեռատեսություն կամ աստիգմատիզմ)՝ 43%, չվիրահատված կատարակտը՝ 33%, գլաուկոման՝ 2% և տարիքային մակուլյար դեգեներացիան՝ 1.6%։ >40 տ. յուրաքանչյուր վեցերորդի և >80 տ. անձանց ճնշող մեծամասնության մոտ ախտորոշվում է կատարակտա: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության հանդիպման հաճախականությունը գրեթե 20% է, ուսանողների շրջանում՝ մինչև 40%: Սրան նպաստում է նաև թվային սարքերից օգտվելու անվերահսկելի ժամանակը: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75%-ը հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել: Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և բարձր տարիքային խմբում: Հայաստանի մեծահասակ բնակչության շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն: Տեսողության խանգարումների զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոններն են՝ • >50 տարիքը․ տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65%-ը և կույր անձանց 82%-ը 50-ից բարձր տարիքի են։ • Իգական սեռը /կանայք կրկնակի հաճախ են հիվանդանում/ • Ժառանգակական նախատրամադրվածությունը • Հեռուստացույցի, համակարգչի, սենսորային հեռախոսների, պլանշետների պայծառ էկրանները • Ծխելը • Ոչ բալանսավորված, վիտամիններով աղքատ սնունդը • Ավելորդ քաշը և ճարպակալումը • Սիրտ-անոթային հիվանդությունների առկայությունը • Շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունները։ Տեսողության խանգարումների ժամանակ ամենահաճախ հանդիպող ախտանշաններից են՝ • հեռու կամ մոտ պատկերները տեսնելու դժվարությունը • ակնագնդում ցավի կամ անհարմարության զգացումը • երկարատև կամ արտահայտված աչքերի կարմրածությունը • արցունքահոսությունը • աչքերի չորությունը • աչքերում օտար մարմնի զգացողությունը • լույսի հանդեպ աչքերի գերզգայունությունը • երկարատև կամ ուժեղ քորի զգացումը • սև բծեր կամ կայծեր տեսադաշտում, մշուշված տեսողություն։ Աչքի հիվանդությունների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել ակնաբույժին և ժամանակին ստուգել տեսողությունը: Մեկ կամ երկու ռիսկի գործոն ունեցող մարդկանց համար տարեկան 1-2 անգամ ակնագնդերի հետազոտությունը պետք է դառնա նորմա։ Տեսողության խանգարումների մասին վկայող ախտանիշներից թեկուզ մեկի դեպքում խորհուրդ է տրվում դիմել ակնաբույժի օգնությանը։ Մասնագետի կողմից իրականացված հետազոտությունները թույլ կտան վաղ շրջանում բացահայտել հնարավոր խնդիրները և ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: Բժիշկը կարող է առաջարկել նաև տեսողության շտկման հնարավոր մեթոդներ։ Աչքի հիվանդությունների կանխարգելման միջոցառումները ներառում նաև պարզ կանոնների պահպանում, որոնք օգնում են լավ տեսողություն պահպանել: Մասնագետները խորհուրդ են տալիս չծխել։ Տեսողության խանգարումներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սննդակարգում օգտագործել ցանցաթաղանթի արյունատար անոթները ամրացնող մթերքներ /հապալաս, գազար, մաղադանոս և այլն/։ Խորհուրդ է տրվում նաև հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել հեռախոսների, հեռուստացույցի և համակարգչի առջև և պահպանել 20-20-20 կանոնը, այն է՝ 20 րոպե էկրանային ժամանակից հետո 20 վայրկյան ընդմիջել և այդ ընթացքում նայել 20 ֆունտ /6մ/ հեռավորության վրա գտնվող ինչ-որ առարկայի»։