«Ինչո՞ւ պաշտոնական Բաքուն չի մասնակցում խաղաղության իմիտացիային». Սուրեն Սուրենյանց
70
Այսօր, 19:36
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Խաղաղության իմիտացիա․ ինչո՞ւ պաշտոնական Բաքուն չի մասնակցում Երևանի գագաթնաժողովին Թեև պաշտոնական Երևանը հրավեր էր ուղարկել նաև Բաքու, Եվրոպական քաղաքական համայնքի մայիսի 4-ի գագաթնաժողովին Ադրբեջանը չի մասնակցելու: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարին (և ավելի վաղ՝ 2025-ի հոկտեմբերին) պաշտոնապես հայտարարել է՝ «Ադրբեջանի մասնակցությունը որևէ մակարդակով չի նախատեսվում»։ Սա Բաքվի պաշտոնական դիրքորոշումն է։ Այս հանգամանքը դառնում է կարևոր քաղաքական ցուցիչ՝ գնահատելու համար Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատվել է խաղաղություն։ Հիմա դուրս գանք հռետորաբանությունից և խոսենք ըստ էության: Խաղաղությունը չի կարող հաստատվել հայտարարություններով։ Այն ենթադրում է կողմերի վարքագծային համընկնում, փոխադարձ վստահության նվազագույն մակարդակ և միջազգային հարթակներում առնվազն համաժամանակյա ներկայություն։ Սակայն Բաքվի չմասնակցությունը հենց այս տրամաբանության ուղղակի հակադրությունն է։ Այն ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի կիսում «արդեն իսկ հաստատված խաղաղության» մասին Փաշինյանի ներկայացրած պատկերացումը և շարունակում է գործել սեփական հաշվարկներով։ Առաջին հերթին՝ սա ազդակ է, որ բանակցային գործընթացը դեռևս չի հասել կայունության այն աստիճանին, որտեղ կողմերը կարող են հանդես գալ որպես խաղաղության գործընկերներ։ Նման գագաթնաժողովները, բնականաբար, պետք է դառնային երկխոսության հարթակներ, եթե խաղաղությունը իսկապես կայացած լիներ։ Երկրորդ՝ միջազգային բարձր մակարդակի միջոցառումներին մասնակցությունը ոչ միայն բովանդակային, այլև մեսիջային նշանակություն ունի։ Չմասնակցելով՝ Բաքուն խուսափում է այնպիսի իրավիճակից, որտեղ կարող էր ձևավորվել հարաբերությունների «նորմալացման» տպավորություն։ Երրորդ՝ սա բանակցային մարտավարություն է։ Բաքուն պահպանում է ճնշման գործիքակազմը և խուսափում այնպիսի միջավայրերից, որտեղ կարող է սահմանափակվել իր մանևրի դաշտը կամ ֆիքսվել քաղաքական պարտավորությունների որոշակի շրջանակ։ Այսպիսով ձևավորվում է էական հակասություն․ Երևանը խոսում է արդեն իսկ հաստատված խաղաղության մասին, մինչդեռ Բաքվի գործնական քայլերը ցույց են տալիս, որ գործընթացը մնում է չավարտված, անկայուն և մեծապես պայմանավորված ուժային ու քաղաքական հաշվարկներով։ Արդյունքում առաջանում է վտանգավոր մի իրավիճակ՝ «խաղաղության իմիտացիա», երբ հռչակված նարատիվը չի համընկնում իրականության հետ։ Սա ոչ միայն նվազեցնում է գործընթացի հանդեպ վստահությունը, այլև ստեղծում է կեղծ անվտանգային ընկալումներ։ Տվյալ պարագայում, փաստերն ավելի շատ խոսում են շարունակվող լարվածության, քան կայացած խաղաղության մասին»։