Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Հերթը հասավ Բուռնաշին․ «Հրապարակ»

60
Այսօր, 09:30
Հերթը հասավ Բուռնաշին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դատախազությունը երեկ հայտնեց, որ երկու հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն եւ սնանկության դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի եւ դրան կից մի շարք անշարժ գույքերի վրա։ Այսինքն, իշխանությունը որոշել է խլել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին՝ Բուռնաշին պատկանող գույքերը՝ «պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հիմքով»: Հակակոռուպցիոն դատարանն արդեն հայցադիմումն ընդունել է վարույթ եւ կիրառել է հայցի ապահովման միջոց՝ արգելանք է դրել գույքի վրա, որ սեփականատերը մինչեւ դատարանի վերջնական որոշումն այն չօտարի, չնվիրի այլ անձի եւ այլն։

Երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական, լուսահոգի Գալուստ Գրիգորիչի աներորդի Աշոտ Աղաբաբյանը 2018-ի իրադարձություններից հետո խզեց կապը հարազատ կուսակցության հետ՝ նետվելով Նիկոլ Փաշինյանի գիրկը։ Նա Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությանը քննադատող հարցազրույցներ էր տալիս՝ դաժան որակումներ անելով: Դրանցից մեկում, օրինակ, ասում էր․ «Սերժի իշխանության ժամանակ ո՞վ կարար ինչ խոսար, Աստծուն փառք՝ Նիկոլ Փաշինյանը մեզ փրկեց այդ բոլորից»։ Աղաբաբյանն ակնկալում էր Փաշինյանի հովանավորությունը, պետական աջակցություն, բարեհաճ հայացք: Օրինակ, որպեսզի բարեկարգի մարզադաշտը եւ ծառայեցնի բուն նպատակին՝ ֆուտբոլին, այն տարիներ շարունակ որպես հագուստի տոնավաճառ էր ծառայել, իսկ դաշտն անմխիթար վիճակում էր։ Պատմում են, որ այդ ակնկալիքներով տոգորված էլ՝ Բուռնաշը խզել էր իր բոլոր շփումները նախկին կուսակիցների հետ: Միայն վերջերս է հասկացել, որ իշխանությունը ոչ միայն մտադիր չէ իրեն աջակցել, այլեւ ծրագրում է խլել իր գույքը, որը նախկին իշխանությունների բարեհաճության շնորհիվ էր ձեռք բերել»։

Մանրամասները՝ թերթի համարում։