Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

«Այս ծրագիրը պետք է օր առաջ կանգնեցվի»․ Տիգրան Քոչարյան

129
Կիրակի, 15 սեպտեմբերի, 2024 թ., 16:24
«Այս ծրագիրը պետք է օր առաջ կանգնեցվի»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա խոսքս ուղղում եմ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին
Սրբազա՛ն Հայր, մեր բոլորիս աչքի առաջ, օգտվելով արցախահայության դժվար կացությունից և հասարակ մարդկանց որոշակի անտեղյակությւոնից, արցախահայության գլխին հերթական պատուհաս են առաջացնում։
Շուրջ հազար արցախցի երեխա պատրաստվում են ուղարկել Հունգարիա՝ երկիր, որն արտահանձնել է քնած վիճակում Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։
Հունգարիայի ջերմ բարեկամական վերաբերմունքը Արցախի Հանրապետության դահիճ Ադրբեջանի նկատմամբ փաստերով նկարագրված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գրառման մեջ։
Մեջբերում
«Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։
Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։
Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։
Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։
Ես լավ հիշում եմ Հունգարիայի ներկայացուցչի ընդգծված պրոադրբեջանական ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ քննարկվում էր շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը։
Այսքանից հետո արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէ տրվել»։
Բարդրաշնորհ Սրբազան Հայր։
Անհասկանալի է՝ ինչու այդ ծրագիրը անցկացնելու համար ընտրվել է հենց Հունգարիան, այլ ոչ թե ,օրինակ, բարեկամական Ֆրանսիան։
Անհայտ է ճամբարի անցկացմանը հատկացված միջոցների իրական աղբյուրը։
Անհայտ է, թե ով է տիրապետելու այդ երեխաների կենսաչափական տվյալներին ու ինչ նպատակով է այն օգտագործվելու ապագայում։
Անհայտ է՝ ինչո՞ւ են խաղում արցախցիների արժանապատվության հետ, օգտվելով շատերի ծանր սոցիալական ու հոգեկան վիճակից։
Եթե ուզում ես հաղթես թշնամուն, դաստիարակիր նրա երեխաներին։
Հենց այդ հրեշավոր ծրագիրն է իրականացնում Ադրբեջանը, այդ թվում իր թյուր բարեկամ Հունգարիայի միջոցով։
Սրբազան Հա՜յր, այս ծրագիրը պետք է օր առաջ կանգնեցվի, իսկ երեխաների ծնողները պետք է հստակ պատկերացնեն իրականությունը։
Սա բոլորիս արժանապատվության հարցն է, ինչպես նաև մեր արցախահայերի երեխաների ապահովագրում է թշնամի Ադրբեջանի ներկա և ապագա քայլերից։
Խոնարհաբար հայցում եմ Ձեր արձագանքը և կոչը ՀԱՍԵ Արցախի թեմի բոլոր հավատացյալներին։
Որդիական խոնարհությամբ՝
Տիգրան Քոչարյան»։

Աղբյուրը`   Տիգրան Քոչարյան