Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

«Ալիևը ունի երկու քաղաքական ուղեգիծ»․ Գարիկ Քեռյան

117
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ., 17:12
«Ալիևը ունի երկու քաղաքական ուղեգիծ»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստան-Իրան համապարփակ ռազմավարական համագործակցության պայմանագրի կնքմանն իր հավանությունն է տվել ՌԴ նախագահ Պուտինը: Անկասկած մոտ ապագայում այդ պայմանագիրը կկնքվի և երկու պետությունները կդառնան ստրատեգիական դաշինքով շաղկապված միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մեջ, գլոբալ ռազմական և տնտեսական գործողություններում: ՌԴ-ն և Իրանի Իսլամական հանրապետությունը ցամաքային սահման չունեն, նրանց միմյանց շաղկապող ցամաքային տարածքը Ադրբեջանն է, ջրային կապուղին՝ Կասպից ծովը: Ալիևը ունի կամ ուներ երկու քաղաքական ուղեգիծ: Շարունակել մնալ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ դաշինքում, «մեկ ազգ երկու պետություն» հայեցակարգի համաձայն, կամ ձևական առումով առերես ի ցույց դնելով հավատարմությունը Էրդողանի հանդեպ, դանդաղ, հանդարտ քայլերով թեքվել դեպի ռուս-իրանական դաշինքը և հոժարակամ իր տարածքով և Կասպից ծովի իր բաժնով կապել ստրատեգիական համագործակցության ձևաչափը ընտրած իր երկու հզոր հարևաններին: Պարզ է, որ հմուտ և հեռատես Ալիևը կապող կամուրջի դերակատարման համար նորից հսկայական օգուտներ է քաղելու և՛ ռազմա-քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում: Այս համատեքստում լրիվ հասկանալի է դառնում Պուտինի այցը Բաքու, Շոյգուի կրկնակի այցերը Թեհրան և նոր իրանական զենքերի մատակարարումները ՌԴ-ին և ռուս-իրանական երկխոսությունը Զանգեզուրի ճանպարհների հարցով: Բայց այստեղ առաջանում է մի մեծ խնդիր որի լուծումը ես այժմ չեմ պատկերացնում, չունեմ բավարար տեղեկատվություն, որն իհարկե հասանելի է միայն արտաքին քաղաքական ոլորտի գաղտնի ծառայություններին: Ինչպես է վերաբերվելու նատօյական Թուրքիան իր կրտսեր եղբայր Ադրբեջանի նոր բարյացակամ և համագործակցային քաղաքական դիրքորոշմանը հակարևմտյան և հականատօյական ռուս-իրանական տանդեմի նկատմամբ: Ահա սա բարդ խնդիր է և բացառիկ իր յուրահատկությամբ: Չէ, որ Էրդողանի շնորհիվ ձեռք բերվեց հաղթանակը ղարաբաղյան հակամարտության մեջ: Ադրբեջանի տնտեսական կարողությունների աղբյուրը Վրաստանի և Թուրքիայի տարածքներով անցնող նավթա-գազային խողովակաշարերն են որոնք հզոր լծակ են արևմտյան և թուրքական ստրատեգների ձեռքին Ալիևի վրա ճնշում գործադրելու համար: Անշուշտ այս ամենի հետ էր կապված Ռիչարդ Մուրի «դասախոսությունը» Բաքու այցի ժամանակ: Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական այրերի ուշադրության կենտրոնում պետք է լինեն այս իրողությունները, իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում, ճիշտ պետք է ընտրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարթակը՝ նոր կորուստներից խուսափելու համար»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան