Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Զախարովայի ծաղիկները»․ Տիգրան Խզմալյան

166
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 16:00
«Զախարովայի ծաղիկները»․ Տիգրան Խզմալյան

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ․
ՌԴ ԱԳՆ տխրահռչակ խոսնակ Զախարովան աչքի է ընկնում ոչ միայն իր քաղաքական հայացքների ու կեցվածքի փնթիությամբ, այլ նաեւ իր ճչացող անճաշակությամբ։ Վերջին իր ասուլիսներում Զախարովան կրում է ընդգծված մեծ չափերի ծաղիկներ իր կրծքի մեկ աջ, մեկ ձախ կողմից, ակնհայտորեն ինչ-որ ուղերձ հղելով հանրությանը։
Որպես կինոբեմադրող անցյալում եւ քաղաքական գործիչ ներկայում, փորձեմ ընթերցել մեր «ռազմավարական դաշնակցի», իսկ իրականում ՝ պատմական թշնամու սույն ուղերձը։ Թեպետ, նման «գաղտնագրերի» վերծանումը ոչ թե նորաձեւության, այլ հոգեբուժության ոլորտից է։
Զախարովան զբաղեցնում է բավական բարձր պաշտոն ՌԴ ԱԳՆ համակարգում՝ տեղեկատվության եւ մամուլի բաժնի տնօրեն։ Ռսա-սովետական դիվանագիտության դեգրադացիան, կազմալուծումն ու որակազրկությունը Գրոմիկոյի ու Դոբրինինի զուսպ լրջությունից մինչեւ Լավրովի ու Նեբենզյայի խուլիգանական լկտիությունը լավագույնս արտացոլվեց Զախարովայի կերպարում։ Մի կողմ թողնելով նրա մասնագիտական հայատյացությունն ու կեղծավորությունը, նշենք տիկնոջ ավանդականորեն անճաշակ զգեստապահարանում այս ծաղկեպսակային միտումները։
Ընդհանրապես, հոգեբանները համարում են նման գերչափազանցված զարդանմուշների օգտագործումը՝ ներքին անվստահությունն ու թերարժեքությունը թաքցնելու փորձ։ Ու որքան խորն ու ծանր են այդ վախերն ու բարդույթները, այնքան ավելի ճչացող ու աչք զառնող են նման փորձերն եւ դա արտահայտող զարդարանքը։ Պատմականորեն, ծաղիկներն անբաժան են կնոջ զգեստից ու կերպարից։ Հարսնացուի զգեստին փակցված սպիտակ ծաղիկը կամ փոքրիկ փունջը՝ անմեղության ու քնքշանքի խորհրդանիշ է։ Ալ վարդը Կարմենի մազերում՝ կրքի ու գայթակղության նշան է։ Կենսաբանները գիտեն, որ ծաղիկները՝ բուսերի յուրահատուկ սեռական վերջույթներն են, փոշոտման ու բազմանալու միջոց։ Զախարովայի կրծքին կպցրած եւ նրա դեմքի չափը գերազանցող սեւ կամ խայտաբղետ ծաղկազարդերը՝ բաց ճիչ է նրա հիստերիկ հոգեվիճակի եւ խորը անբավարարվածության
մասին, կանչ է եւ կոչ, ուղղված բոլորին եւ ոչ ոքի։ Եւ քանի որ Զախարովան հանդիսանում է ռսական արտաքին քաղաքականության պաշտոնական խոսնակը՝ սույն բացված ու արագ թոռոմող ծաղիկները նրա զգեստի վրա դիտվում են իբրեւ ծաղկեպսակ։ Իսկ սեւ գույնի ընտրությունը նմանեցնում է դրանց սգո պսակների՝ սատկող կայսրության գերեզմանին։
Չգիտեմ՝ արդյո՞ք գիտակցում է իր զարդերի խորհրդանշանական իմաստը ինքը՝ Զախարովան, ինչպես, օրինակ ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ով վաղուց է կիրառում փոքրիկ զարդանախշերը իբրեւ նշաններ եւ վերջերս փակցրել էր իր բաճկոնին կրծքանշան անձրեւային ամպի տեսքով…
Համենայնդեպս, «կալինկա-մալինկա» Զախարովան արդեն չի պարում»։

Աղբյուրը`   Տիգրան Խզմալյան