Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը ժամանել է Հայաստան

78
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 11:12
Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը ժամանել է Հայաստան

Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, շանսոնիեի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ժամանել է Հայաստան։ Միշա Ազնավուրը վերջին անգամ Հայաստանում եղել էր ավելի քան 10 տարի առաջ: Նա կարծում է, որ Հայաստանը բոլոր ոլորտներում ակնհայտ զարգացում է ապրել:

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ցուցադրվեց «Ազնավուրը Շառլի հայացքով» ֆիլմը, որի պրոդյուսերը հենց Միշա Ազնավուրն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է, որ ֆիլմի ստեղծման աշխատանքները սկսվել և արդեն ընթացքում էին, երբ Շառլ Ազնավուրը մահացավ, բայց ֆիլմն ամբողջապես ստեղծվել է նրա մահից հետո և դրա պատճառով շատ հուզիչ ու էմոցիոնալ է ստացվել:

Հարցին, թե արդյոք առաջիկայում Հայաստան տեղափոխվելու պլաններ կա՞ն, Միշա Ազնավուրը պատասխանեց, որ նման պլաններ դեռևս չունի և հավելեց, որ այդ քայլը իր վրա է վերցրել Նիկոլա Ազնավուրը:

«Նիկոլա Ազնավուրը որոշեց տեղափոխվել Հայաստան և ստեղծել «Ազնավուր» հիմնադրամը, իսկ ես կփորձեմ բոլոր հարցերով մշտապես աջակցել և օգտակար լինել հիմնադրամին և Հայաստանին»,-ասաց նա:

Միշա Ազնավուրը խոստովանեց՝ Հայաստանը լավ չի ճանաչում և դժվարացավ նշել, թե ինչն է այստեղ առավել շատ սիրում, բայց միանշանակ ընդգծեց՝ Հայաստանում բնությունը հիասքանչ է ու շատ գեղեցիկ:
Զրույցի մանրամասները՝ սկզբնաղբյուրում