Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Կամազուրկ հասարակագիտությունը Հայաստանի չարորակ գոյացությունն է»․ Վահրամ Աթանեսյան

152
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 17:36
«Կամազուրկ հասարակագիտությունը Հայաստանի չարորակ գոյացությունն է»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կամազուրկ, վախկոտ, իր «աշխատությունները» նախապես ՊԱԿ-ի հետ համաձայնեցնող հասարակագիտությունը Հայաստանի չարորակ գոյացությունն է: Մեր ազգային ինքնությունը նա փոխակերպել է ստրկահաճության: Օրինակներ կարելի է անվերջ բերել:
Միջին-վիճակագրական հայը տեղյակ չէ, որ Միքայել Նալբանդյանը 1862թ. Զեյթունի ապստամբության կազմակերպիչներից մեկն է և Ռուսաստանում ձերբակալվել է Օսմանյան Թուրքիայի կառավարության պահանջով, և, իհարկե, հայ «հայրենասեր» կղերի մատնությամբ: «Շուտով Լեհաստանում ավելի քիչ լեհ կլինի, քան՝ Սիբիրում»-նույն շրջանի լեհական հակառուսաստանյան ապստամբության մասին գրել է Միքայել Նալբանդյանը:
Տիգրան Խզմալյանն ասել է, որ Ռուսաստանը չարիք է: Բեռլինում ապրող հայ երիտասարդը պատասխանում է, որ Խզմալյանը և նմանները հանուն փողի ամեն ինչի պատրաստ են, և Հայաստանը կարող է արժանանալ Կարսի և Արցախի ճակատագրին: Նա, երևի, չգիտի, որ Կարսի մարզը Հայաստանին է միացել Մեծ Բրիտանիայի պահանջով, իսկ քեմալական Թուրքիային հանձնվել՝ ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» 1921թ. մարտի 16-ի պայմանագրով: Իսկ Արցախի կործանումը տեղի է ունեցել ոչ թե ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի, կամ Մեծ Բրիտանիայի, այլ՝ Ռուսաստանի նախագահի հրամանագրով այնտեղ տեղաբաշխված՝ ռուսական զորքերի ներկայությամբ և մասնակցությամբ»:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան