Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Telegram-ի արգելումը կնշանակի ազգային անվտանգության երաշխավորում»․ Արման Բաբաջանյան

153
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 15:30
«Telegram-ի արգելումը կնշանակի ազգային անվտանգության երաշխավորում»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փարիզում Դուրովի ձերբակալությանն անդրադառնամ այս անկյունից.
Telegram-ը արդի աշխարհի ամենավտանգավոր գործիքներից մեկն է, հատկապես այն պատճառով, որ այն աշխատում է բացարձակապես առանց մոդերացիայի, ինչը բացում է դռները ամենատարբեր ապօրինությունների համար։
Հարթակը դարձել է հանցավորության, դեռահասների շրջանում թմրամիջոցների տարածման, պոռնոգրաֆիայի, բռնության և ահաբեկչության տարածման կարևոր գործիք, որը խաթարում է հասարակության արժեքները և վտանգում մարդկանց կյանքի անվտանգությունը։ Սակայն դրա վտանգավորությունը միայն այս ոլորտներում չէ. այն լայնորեն կիրառվում է նաև հիբրիդային պատերազմներում, հատկապես Ռուսաստանի կողմից։
Ռուսաստանը, օգտագործելով Telegram-ի անանունությունն ու արագությունը, տարածում է ապատեղեկատվություն և կեղծ լուրեր՝ նպատակ ունենալով ապակայունացնել երկրները, վերացնել դրանց ազգային միասնությունը և նպաստել իր ռազմավարական նպատակներին։ 2020 թվականի պատերազմը Արցախում, ինչպես նաև դրանից հետո ընթացող իրադարձությունները, ադրբեջանցի զինվորականների կողմից տարածվող հոգեցունց տեսարանները ցույց տվեցին, թե ինչպես են Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից շահագործվում Telegram-յան ալիքները՝ նպատակ ունենալով խախտել հայկական հասարակության՝ Հայաստանում և սփուռքում հոգեկան և տեղեկատվական անվտանգությունը, սերմանել խուճապ, կեղծիքներ և ապակայունացնել երկրի և ազգի ներքին հավասարակշռությունը։ Սա իսկական հիբրիդային պատերազմ էր՝ ուղղված մեր ժողովրդի դեմ՝ Հայաստանում և արտերկրում:
Թույլ տալ Telegram-ի աշխատանքը մեր երկրում նշանակում է թույլ տալ, որ արտաքին ուժերը շարունակեն օգտագործել այն մեր դեմ, սերմանելով նոր վտանգներ մեր հասարակության համար։
Telegram-ի արգելումը չի նշանակի խոսքի ազատության սահմանափակում, այլ՝ ազգային անվտանգության երաշխավորում՝ մեր քաղաքացիների և մեր երկրի, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան